35 տարիներ առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:
Նշված գործողությունն Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խնդրանքով իրականացվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով՝ որպես հատուցում Ադրբեջանին, քանզի ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ 1991թ. մարտի 17-ին Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում Խորհրդային Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը «կողմ» է քվեարկել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվեի դրված հարցին: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը 2013թ. մարտի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
Փաստորեն, ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար:
ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ, ապօրինի գործողության համար ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին երբեք չպետք է մոռանալ: Ադրբեջանն, ի շարս Արցախի հայության նկատմամբ իրականացրած բազում հանցագործությունների, դեռևս պատասխան չի տվել «Կոլցո» (Օղակ) գործողության համար:
Ստեփան Հասան – Ջալալյան; քաղաքագետ


Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը