Մենք մտադիր ենք խորացնել Ադրբեջանի հետ կապերը: Այդ մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովայի հետ հանդիպմանը ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն:
Ուշագրավ է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի «կողասրահներում»: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նախօրեին հավաստել են կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունները, վերադառնում են դաշնակցային գործընկերության մակարդակի:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման պատճառով Մոսկվայի և Բաքվի միջև ավելի քան մեկ տարի տևած առերեւույթ լարվածությունը կողմերի առևտրատնտեսական կապերի վրա որևէ ազդեցություն չեն գործել, բայց քաղաքական տիրույթում որոշակի հետք, այնուամենայնիվ, թողել են: Եվ նախկին մակարդակին վերադարձը, հավանաբար, պահանջելու է ժամանակ և ջանքեր:
Այս առումով, թերևս, խորհրդանշական է, որ Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցները ապրիլի 16-ին այցելել են Զանգելան, որտեղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը պաշտոնական Բաքվին Իրանից ավելի քան հինգ հարյուր ռուսաստանցիների տարհանմանը և Ռուսաստանից Իրան մարդասիրական օգնությանը ցուցաբերած աջակցության համար հրապարակային երախտագիտություն է հայտնել:
Այդ հայտարարությունը ՌԴ փոխվարչապետը կարող էր անել Բաքվում՝ ավելի մեծ թվով լրագրողների ներկայությամբ: Զանգելան նրա այցը, ամենայն հավանականությամբ, այլ նշանակություն ունի:
Փաստացի նա գտնվել է իրանա-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ Արաքս գետի վրայով ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված կամրջի շինարարությունը ավարտված է: Իրանը և Ադրբեջանը նախատեսում էին ապրիլին կազմակերպել բացման հանդիսավոր արարողություն: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի պատճառով միջոցառումը հետաձգվել է:
Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Օվերչուկը ՏԱՍՍ-ին հարցազրույցում ասել է, որ Չինաստանից և Ռուսաստանից բեռները «կանցնեն Իրանի տարածքով»: Ադրբեջանը և Իրանը քննարկում են այսպես կոչված «Արաքսի միջանցք» նախագիծը, որ ենթադրում է Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա հաղորդակցության հաստատում:
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին-Ալիև հանդիպում, որտե՞ղ կկայանա այն՝ պարզ կլինի, երևի, մոտ ապագայում:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը