17/04/2026

EU – Armenia

«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը։

Նիստին զուգահեռ դատարանի տարածքում հավաքվել են Կարապետյանի աջակիցները` որպես աջակցություն իրենց կուսակցության առաջնորդին։

Հավաքվածները պարբերաբար վանկարկում են «Սամվել, վարչապետ», միացնում են «Ուժեղ Հայաստանի» երգը, որոնք լսելի են դատարանի դահլիճում:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես եկավ։

Նա նշեց, որ տնային կալանքը պետք է վերացվի, խնդրեց` դատարանին վերացնել այդ խափանման միջոցը, Վարդեւանյանը նաեւ նշեց` Կարապետյանը Երեւանից դուրս գալու անհրաժեշտություն ունի, պետք է գնա Տաշիր` հայրիկի գերեզմանին։

Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում լրագրողները հարցեր ուղղեցին գործարարին՝ փորձելով պարզել նրա դիրքորոշումը և սպասելիքները դատական գործընթացից։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում իր թիմակիցների նկատմամբ կիրառվող քայլերը և ինչ ակնկալիքներ ունի դատարանից։ Ի պատասխան՝ Կարապետյանը նշեց, որ այս պահին իրավունք չունի պատասխանելու այդ հարցերին՝ հավելելով, որ դրանց կանդրադառնա ավելի ուշ։

Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ է ձերբակալվել

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին, որտեղ քննվում է Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոփոխելու հարցը, դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Սամվել Կարապետյանը. «Պատվարժան դատարան, փաստաբան Արամ Վարդևանյանը ամեն ինչ շատ հուզիչ և համոզիչ ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար էդ մասով ես ավելացնելու բան չունեմ: Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել ժողովրդի`ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»։

Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է՝ քաղաքացիների և ոստիկանների միջև առաջացած քաշքշոցների հետևանքով։ Տեղում նկատվել են բախման դրվագներ, ինչից հետո ոստիկանության ծառայողները սկսել են քաղաքացիներին բերման ենթարկել։ Իրավիճակը կարճ ժամանակում լարված բնույթ է ստացել՝ դատարանի տարածքում ուժեղացված վերահսկողության պայմաններում։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։

«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո է նիստը տեղի ունենում