18/04/2026

EU – Armenia

Հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու Իրանի «պատրաստակամության» մասին

Իրանը միջուկային զենք չունի, և նրանք դրան համաձայնել են: Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային «փոշին», որ գտնվում է խոր հողի տակ:

Մենք Իրանի հետ շատ համաձայնություններ ունենք, և ես կարծում եմ, որ շատ դրական մի բան տեղի կունենա: Ինչպես տեղեկացրել է «Վաշինգտոն փոստը», իսրայելա-լիբանանյան հրադադարը ուժի մեջ մտնելու առթիվ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ենթադրել էինք, որ Լիբանանի հարավում հրադադարի հաստատումը կապված է իրանա-ամերիկյան բանակցությունների հետ: Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ և Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը պետք է ներառնի նաև Իսրայել-«Հըզբալա» ռազմաճակատը:

Նախապես Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը լիբանանյան ճակատի վրա չի տարածվում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադի բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է անձամբ:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» տեղեկացվածությամբ՝ այդ սկզբունքային հարցում «հաղթել է Ուիթկոֆ-Քուշներ թիմը, և նախագահ Թրամփը վարչապետ Նաթանյահուին հարկադրել է դադարեցնել «Հըզբալա»-ի դեմ գործողությունները»:

Իսրայելցի փորձագետ Իտամար Այհների գնահատմամբ՝ «Նաթանյահուն այդ շախմատային խաղում զինվոր է զոհաբերել, որպեսզի ապահովագրի թագուհուն»: Խոսքը Իրանի միջուկային ծրագիրը չեղարկելուն հասնելու դիմաց «Հըզբալա»-ի դեմ հարձակումները դադարեցնելու մասին է:

Իսրայելական ռուսալեզու vesty-ի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ կառավարության անդամներին ներկայացնելով Լիբանանում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը, վարչապետ Նաթանյահուն հիմնավորել է, որ «գլխավորը իրանական ատոմի հարցն է, եթե Թրամփը կարողանում է այն լուծել, ապա «Հըզբալա»-ի զինաթափման և կազմացրման ուղիղ ճանապարհ է բացվում»:

Հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու Իրանի «պատրաստակամության» մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, իրոք, սենսացիոն է:

Եթե իրանա-ամերիկյան բանակցությունների ընթացքում այդ տեղեկությունը գոնե դիվանագիտական «ակնարկի» ձևով հաստատվի, ապա հարկ կլինի ընդունել, որ հետկոնֆլինկտային Իրանը «անցնելու է ամերիկյան ճամբար»:

Բայց դա չափազանց լավատեսական է, որպեսզի իրականություն դառնա: