19/04/2026

EU – Armenia

Քիշնևը Մոսկվային ներկայացրել է, ինչ են ծրագրում Ռուսաստանի հատուկ ծառայությունները

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցը:

«Մենք այսօր կքննարկենք մի հարց, որ սկզբունքորեն մշտական է: Դա մեր մերձավոր հարևանների՝ ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունն» է,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ քննարկումների մեկնարկին ասել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ այդ «համագործակցության նկատմամբ Ռուսաստանը ունեցել, ունի և առանձնահատուկ վերաբերմունք կունենա՝ ելնելով թեկուզ պատմական նկատառումներից»:

ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների մասին ԱԽ նիստին, որ Պուտինը անցկացրել է հեռավար կարգով, զեկուցումով հանդես է եկել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ոչ Կրեմլի մամուլի ծառայությունը, ոչ ԱԳՆ պաշտոնական կայքը Լավրովի զեկույցի բովանդակության մասին գոնե ընդհանուր բնույթի տեղեկություն չեն տարածել, ինչից հետևում է, որ խնդիրը քննարկվել է փակ ռեժիմում, և Վլադիմիր Պուտինի մուտքի խոսքի տոնը միայն քննարկումների կարեւորությունից ուշադրություն շեղելու համար է:

Այս ենթադրության օգտին վկայում է փաստը, որ Անվտանգության խորհրդի նիստին ներկա են գտնվել ՌԴ երկու հատուկ ծառայությունների՝ ԱԴԾ և ԱՀԾ տնօրեններ Բորտնիկովը և Նարիշկինը: Դա նշանակում է, որ քննարկվել են ամենևին էլ ոչ «պատմական նկատառումներ»:

Ըստ երևույթին, եթե դրանց անդրադարձ եղել է, ապա՝ այն կտրվածքով, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանին կապված են պատմական ճակատագրով»:

Դիտարժան է, որ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների «համագործակցության» հարցը ՌԴ ԱԽ քննարկման առարկա է դարձել նույն օրը, երբ Մոլդովան պաշտոնապես դադարեցրել է ԱՊՀ-ին անդամակցությունը: Հայտնի է դարձել, որ Մոլդովան «անցանկալի անձ» է ճանաչել Մերձդնեստրում Ռուսաստանի օպերատիվ զորամիավորման հրամանատարին և նրա տեղակալներին:

Փաստացի դա նշանակում է, որ Քիշնևը Մոսկվային ներկայացրել է Մերձդնեստրից իր զորախումբը դուրս բերելու պահանջ: ՌԻԱ Նովոստին Մոլդովայի նախագահ Սադուին մեղադրել է սահմանադրական չեզոքությունից և երկրի ինքնիշխանությունից «հրաժարվելու» մեջ:

ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցով ՌԴ ԱԽ նիստում, անկասկած, ԱԳՆ-ն և հատուկ ծառայությունները հստակ հրահանգներ ստացել են: Հայաստանի դեպքում չափազանց կարեւոր է, որ այդ հրահանգներն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին առնչվում են ընտրական գործընթացին:

Պետք է սպասել առաջին հերթին տեղեկատվա-քարոզչական «ներարկումների» ծավալային աճի և բովանդակային սրացումների, իսկ թե ինչ են ծրագրում Ռուսաստանի հատուկ ծառայությունները, կարելի է միայն ենթադրել: