Եվս մեկ ծանրակշիռ ապացույց ավելացավ ՀՀ վարչապետի աթոռն առայժմ զբաղեցնող անձի նախընտրական մտավախությունների, աղետալիորեն ցածր վարկանիշի վերաբերյալ այն դատողությունների ցանկում:
Կառավարության ապրիլի 9-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նախօրեին խոսում էր Սամվել Կարապետյանին ունեցվածքից զրկելու մասին:
Փաշինյանի բառացի պատասխանը հետեւյալն էր. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ՝ վախենում եմ մինչեւ տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:
Այսպես էր Փաշինյանն արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան մի գրառման: Վերջինս կիսահեգնանքով գրել էր. «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա՝ մի երկու բան ունի քեզ ասելու»:
Այսինքն՝ Սամվել Կարապետյանից չվախենալու՝ Նարեկի կոչին Նիկոլը հակադարձել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին «բոմժ» դարձնելու սպառնալիքով: Բայց «լեզվակռիվն» այդքանով չէր ավարտվել: Նարեկը բանիմաց, ավյունով լի երիտասարդ՝ չէր կարող խոսքի տակ մնալ, եւ շեշտակի նետել էր. «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»:
«Հոգով բոմժերը», այո, կյանքում անտանելի են, իսկ երկիր կառավարողի կարգավիճակում՝ աղետ: Կարապետյանին հասցեագրված մի գրառման մեջ նա բացեիբաց սպառնում է. «Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսա կփակենք…»:
Մինչդեռ լրագրողների հետ ճեպազրույցում չքմեղանում էր. «Իմ հայտարարության մեջ, եթե նկատել եք, սպառնալիքների էլեմենտ չկա։ Ես ասել եմ՝ վախենում եմ, քանզի կարծում եմ՝ ձեր նշած անձը էն խոստումները, որ տվել է ՀՀ-ից դուրս որոշ շրջանակների, ակնհայտ է, որ հանձնառությունը չի կատարելու։
Նաեւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցնելու են։ Ես շատ եմ ցավում, չէի ուզենա, որ հայկական որեւէ կապիտալ զրոյացվեր»,- կեղծավորաբար ասել է Փաշինյանը:
Վերը նրա խոսքից բերված քաղվածքը բավական թափանցիկ է: Վատ քողարկված ձեւով նա հայտնում է, թե, իբր, վախենում է՝ իմանալով, որ Սամվել Կարապետյանը չի հաջողելու կատարել «ՀՀ-ից դուրս որոշակի շրջանակների» (պարզ է՝ ռուսական) տված խոստումները, որոնցից առաջինը Հայաստանում իշխանափոխության իրականացումն է եւ իշխանական աթոռը Փաշինյանի տակից փախցնելը:
Այդ առաջադրանքն, ըստ նրա, Կարապետյանին չի հաջողվի գլուխ բերել, ուստի առաջադրանքի կատարումը ձախողելու համար ստիպված կլինի ռուս «տերերին» վճարել սեփական ունեցվածքով, ինչպես, իբր, պայմանավորվել են: Նիկոլի դիպաշարով՝ Կարապետյանը զրկվելու է թե՛ իշխանությունից, թե՛ կապիտալից:
Այդպիսով՝ ներքին վախերը դարձյալ Փաշինյանին հանգիստ չեն տալիս. միլիարդատիրոջ վարկանիշն այս պահի դրությամբ անհասանելիորեն բարձր է եւ դեռ բարձրանալու միտում ունի: Պետք է ահարկու մրցակցի սահուն առաջընթացը խափանելու շտապ միջոց գտնել, եւ դա արվեց Ընտրական օրենսգրքում ապօրինաբար կատարված փոփոխությամբ:
Ապրիլի 7-ին ԱԺ-ն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ բացառապես ՔՊ-ական պատգամավորների 66 «կողմ» ձայնով, ընդունեց Ընտրական օրենք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը խորհրդարան էր ներկայացվել իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ խմբակցության կողմից:
Սակայն ընտրություններից 2 ամիս առաջ ԸՕ-ում փոփոխություն կատարելը Վենետիկյան հանձնաժողովի պահանջի կոպտագույն ոտնահարում է: Ըստ առաջարկվող փոփոխության՝ «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ շփոթելու աստիճան նման անվանումներ եւ/կամ դրանց հոլովաձեւեր»։
Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը հատուկ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ է ընդունվել, որի անուն-ազգանունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվանման մեջ հնչում է հետեւյալ կերպ. «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
Մի ժամանակ Փաշինյանին հանգիստ չէին տալիս Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» եւ «Ուժեղ Հայաստան» գաղափարները, որոնցից առաջինի համար բարեգործը մինչեւ օրս կալանքի մեջ է պահվում, հետո Նիկոլին սկսեցին հետապնդել Երեւանի տարբեր վայրերում զետեղված՝ գործարարի մեծադիր լուսանկարները, որոնք նրա կարգադրությամբ հանվեցին, հիմա էլ անուն-ազգանունից է ահաբեկված, որը պետք է ներառվի քվեաթերթիկների մեջ:
Ի՞նչ ասել կուզի՝ իսկը մանկապարտեզ:
«Հայացք Երեւանից»

Բաց մի թողեք
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Իրանը վերջնագրերից չի վախենում. Ոսկանյան