19/04/2026

EU – Armenia

Փաշինյանի այցին զուգահեռ` ստորագրահավաք էր Գյումրիում

Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել՝ Վարդանանց հրապարակում համերգ տալու նպատակով, նույն հրապարակում, սակայն, տարբեր իրականություն էր։ Միաժամանակ կազմակերպվել է ստորագրահավաք՝ սրբազանին աջակցության նպատակով, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։

Ստորագրահավաքին միացել են նաև «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքական թիմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը, որոնք, ի դեպ, պատրաստվում են մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, և մի շարք մտավորականներ ։ Այսպիսով՝ Գյումրիում այսօր ձևավորվել է երկու զուգահեռ իրականություն։

Հիշեցնենք, որ շիրակցիները կազմակերպել են ստորագրահավաք։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:

Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար: Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:

Ուստի, պահանջում են՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը: