20/04/2026

EU – Armenia

Թրամփի համար Լուկաշենկոն «ծամելու և թքելու ապրանք» է, բայց ստիպված է համագործակցել

«Արևմուտքը միշտ ձգտել է մեզ, Ուկրաինային, հետխորհրդային մյուս երկրներին սադրել Ռուսաստանի դեմ, և Վոլոդյա Զելենսկին դա լավ գիտի, ինչպես՝ ես»: Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկու զեկույցը լսելուց հետո թելեգրամյան գրառում է կատարել և հրապարակայնացրել ռազմական հետախուզության տեղեկությունները:

Ըստ այդմ, Բելառուսը ուկրաինական սահմանի մոտ զորքերի տեղաշարժ է կատարել, ինչպես նաև «ստեղծել հրետանային կրակի հարթակներ»:

Զելենսկին կանխատեսել է, որ Բելառուսը Ռուսաստանի կողմից պատերազմին ներգրավվելու նախապատրաստություն է տեսնում: Նա վստահեցրել է, որ Ուկրաինան «պատրաստ է պաշտպանել իր սահանները»:

Ուկրաինայի նախագահը զգուշացրել է, որ Բելառուսում կարող է կրկնվել «Վենեսուելայի օրինակը»: ՌԻԱ Նովոստին Զելենսկու թելեգրամյան գրառումը գնահատել է «Բելառուսի դեմ սպառնալիք»:

Այս համատեքստում Արևմուտքի կողմից հետխորհրդային երկրներին «Ռուսաստանի դեմ սադրելու» և դրան «Վոլոդյա Զելենսկու տեղյակ լինելու» մասին Բելառուսի նախագահի դիտարկումը բավական երկիմաստ է:

Լուկաշենկոն իր երկրից Ուկրաինայի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը ոչ միայն չի հակադարձել, այլև չի անդրադարձել:

Փոխարենը Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ հետ բանակցությունները և ասել, որ «հարկադրված է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ դա համապատասխանում է ժողովրդի շահերին»:

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «ինչ բանակցություններ էլ լինեն», ինքը հասկանում է, որ Արևմուտքի «շան վաստակը» չէ: «Նրանք պատրաստ են ինձ ծամել և թքել, ես դա լավ եմ հասկանում»,- ասել է Լուկաշենկոն:

Հայտնի արտահայտությունը՝ «այո, նա շան վաստակ է, բայց մեր շան վաստակն» է, ավանդաբար վերագրվում է ԱՄՆ նախագահ Ռուզվելտին, որ նա թույլ է տվել Նիկարագուայի բռնապետ Սամոսայի հասցեին:

Լուկաշենկոն փաստացի հրապարակայանացրել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ է վարում՝ համոզված լինելով, որ Դոնալդ Թրամփի համար ինքը «ծամելու և թքելու ապրանք» է, բայց ստիպված է:

Դժվար է վստահաբար ասել, որ այդ հայտարարությամբ Լուկաշենկոն բացառելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ներգրավվելու հավանականությունը, բայց կոնկրետ իրավիճակում նրա խոսքից նման եզրահանգման կարելի է գալ:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ մինչև տարեվերջ Լուկաշենկոն «կայցելի Վաշինգտոն, նրան Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»: Լուկաշենկոյի «անկեղծացման» նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտին – Թրամփ հանդիպում «դեռևս չի ծրագրվում»: