24/04/2026

EU – Armenia

Համայնքապետը չաշխատած տարիների համար վարձատրություն է ստացել` տույժ-տուգանքներն էլ հետը. Լուսանկար

2022-ի ՏԻՄ ընտրություններից 2 տարի անց ՔՊ-ական նախկին համայնքապետ Արթուր Ստեփանյանը կալանավորվեց:

Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:

Համայնքապետը չաշխատած տարիների համար վարձատրություն է ստացել` տույժ-տուգանքներն էլ հետը

Դատարանը Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` վարչական հսկողություն եւ գրավ՝ 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։

Քրեական գործով անցնող, պաշտոնը կասեցված համայնքապետն այժմ դիմել է դատարան և Եղեգիսի համայնքապետարանից պահանջել, որ իրեն վճարեն պարապուրդի դիմաց աշխատավարձի 50% -ի չափով. «2024թ. նոյեմբերից մինչեւ 2025 թվականի նոյեմբեր ամիսը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 108.1 հոդվածի առաջին մասի հիման վրա Արթուր Ստեփանյանին վճարման ենթակա ամսական հատուցման գումարն ամբողջությամբ բռնագանձելու և չվճարված ամսական հատուցման գումարի նկատմամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի հիմքով հաշվարկվող տոկոսների վճարումը պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ»:

Դատարանը հայցը բավարարել է. «Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել 1.772.769 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, որից՝ 1.645.000 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես հատուցման գումար, 127.769 (հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ՝ որպես հաշվարկված տուժանք:

Սկսած 03.06.2025 թվականից մինչև 16․06․2025 թվականը՝ 1մլն․370 հազար դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով տույժ, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: 16.06.2025 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ՝ 1մլ. 645 հազար ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով տույժ, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին պարտավորեցնել Արթուր Կամոյի Ստեփանյանին վճարել հանրային ծառայության մեջ գտնվող, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնավարումը կասեցված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ամսական հատուցում՝ սկսած 2025 թ. հունիս ամսվա համար հատուցման ենթակա գումարից մինչև պաշտոնավարման կասեցման վերացումը՝ հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը»։

Պարզվում է, գումարը ստանալուց հետո, 2026 թվականին Արթուր Ստեփանյանը ևս դատարան է դիմել, այս անգամ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից հօգուտ իրեն եւս 462 հազար դրամ, որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասի հիմքով հաշվարկված տուժանք բռնագանձելու։ Նախկին համայնքապետի ներկայացուցիչը դատարանում իր որդին է՝ Արմեն Ստեփանյանը: Ենթադրենք, որ այս ամենը օրենքով է նախատեսված, ամեն դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ ՔՊ-ական համայնքապետի լիազորությունները չեն դադարեցվել: Հարց ուղղեցինք Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին, ով ի դեպ՝ այժմ համայնքի ղեկավարի պարտականություններն է կատարում. «Արթուր Ստեփանյանը դատարան է դիմել, կա վճիռ օրինական ուժի մեջ մտած, ոչինչ չենք կարող անել: Եթե չեմ սխալվում Աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածով է դա կարգավորվում: Խնդրում եմ այլ հարցեր ինձ մի ուղղեք»:

Զրուցեցինք նաև նախկին համայնքապետ Արթուր Ստեփանյանի հետ: Ձեր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, դուք չեք աշխատում, բայց համայնքի բյուջեից գումար եք ստանում. «Օրենքով սահմանված կարգով եմ ստանում` անօրեն բան այստեղ չկա: Եթե դատարանը իմ լիազորություննեը կասեցրել է, իրավունք ունեմ դիմել դատարան և 50% հատուցում պետք է վճարեն»: Բայց ավագանու անդամները կարող էին նիստ հրավիրել և Ձեր լիազորությունները դադարեցնել, ինչու չեն անում, գուցե պատճառն այն է, որ ՔՊ կուսակցության անդա՞մ եք. «Ոչ թե դա, այլ կարող է հաջորդ դատական նիստով, արդեն դատի օրը նշանակված է՝ 28-ին, կարող է այդ օրը կասեցումը հանվի: Այդտեղ 1-2 վկա կա, այդ վկաներին կլսեն ու վերջ»: Կասեցումը եթե հանվեց, կվերադառնաք Ձեր աշխատանքի՞ն. «Այո»: