24/04/2026

EU – Armenia

Ռուսաստանը Եվրոպային վերստին սպառնում է տակտիկական միջուկային զենքով

Մեծ Բրիտանիայի հովանու ներքո անցկացվող Միացյալ էքսպեդիցիոն ուժերի զորավարժությունները «մշակում են Կալինինգրադի ծովային շրջափակման սցենարը:

Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի, «ՆԱՏՕ-ն նպատակադրված ընթանում է Եվրոպայի այդ հատվածում (Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովի ավազանում)դիմակայության խորացման ճանապարհով, մեծանում է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի ակտիվությունը»,- մասնավորեցրել է Գրուշկոն:

Մեծ Բրիտանիան Միացյալ էքսպեդիցիոն ուժեր ստեղծելու նախաձեռնություն է ցուցաբերել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո: Նախաձեռնությանը անդամակցում են Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Համ, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Իսլանդիան:

Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովի ավազանում զորավարժություններ անցկացնելու քաղաքական որոշումը նախաձեռնության անդամ երկրների առաջնորդները ձեռք են բերել անցյալ տարի Հելսինկիի ոչ պաշտոնական գագաթաժողում:

Արտգործնախարարության արձագանքին զուգահեռ՝ ՏԱՍՍ-ը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի «Կալինինգրադի շրջափակումը կհանգեցնի աննախադեպ լարվածության, և տեղաշրջանի բոլոր սպառնալիքները կոչնչացվեն»:

Կալինինգրադի շրջափակման և Բալթիկ ծովի ավազանում ՆԱՏՕ-ի հետ բախման հավանականությունը ռուսաստանյան մամուլում քննարկվում է ոչ առաջին անգամ, բայց վերջին զարգացումները՝ կապված ուկրաինական պատերազմին Բելառուսի ներգրավվելու ծրագրի հետ, կարծես ավելի առարկայական են դարձնում Եվրոպայի հյուսիսում ռազմական դիմակայությունը:

Ավելի լայն կտրվածքում, իհարկե, մրցակցությունը ծավալվում է առևտրական և կապի հաղորդուղիների վերահսկման շուրջ: ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Ռուսաստանի համար Բալթիկ ծովում լրջագույն խնդիրներ է ստեղծել:

Այն, ինչ մի քանի տասնամյակ առաջ անպատկերացնելի էր՝ լայնածավալ պատերազմ Եվրոպայում, այսօր միանգամայն հնարավոր է դիտարկվում: Մանավանդ որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Ուկրաինան դիմակայում է Ռուսաստանի ագրեսիան:

ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկոյի հայտարարությունը հետևել է Ուկրաինային իննսուն միլիարդ եվրո վարկ տրամադրելու հարցում Եվրամիության քննարկումներում առաջընթացին: Միացյալ էքսպեդիցիոն ուժերի ստեղծման քաղաքական համաձայնագրում շեշտված է, որ նախաձեռնության անդամ երկրները «հանձնառու են Ուկրաինային աջակցությանը»:

Ռուսաստանը, եթե հիմք ընդունենք «Կալինինգրադի սպառնալիքների ոչնչացման» կանխածրագիրը, Եվրոպային վերստին սպառնում է տակտիկական միջուկային զենքով: