Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան RTVI հեռուստաընկերությանը:
Փաստը, որ Ռուսաստանի համապետական և ավելի հեղինակավոր հեռուստաընկերությունները կամ պետական լրատվական գործակալությունները նրան «անտեսել» են, ինքնին խոսուն է:
Ուշագրավ է, որ հարցազրույցն սկսվում է ճակատային հարցադրումից՝ Քոչարյանը ընդունո՞ւմ է, որ Հայաստանում այսօր «ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն» է: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի պատասխանը տվյալ դեպքում արդեն էական չէ:
Գլխավորն այն է, որ Ռուսաստանի քարոզչությունը Հայաստանի քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ ազդեցիկ դեմք «նշանակել» է Սամվել Կարապետյանին:
Երկրորդ կարևոր պահը Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Հայաստանին «խաղաղություն և զարգացում ապահոված նախագահի» կերպարի պսակազերծումն է: Երբ նա ասում է, որ իր նախագահության շրջանը «բացարձակ խաղաղության տարիներ» էին,- հարցազրույցավարը, թեև նրբանկատորեն, բայց շատ հաստատուն տոնով հակադարձում է, թե «չէ՞ որ այդ ժամանակ աշխարհը բոլորովին այլ» էր:
Իսկ երբ Քոչարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը «ամեն ինչ արել է, որպեսզի պատերազմ լինի»,-ռուսաստանցի հեռուստալրագրողը նրան հիշեցնում է նախընթաց տարիները, երբ Ադրբեջանը «սպառազինություններ էր գնում Իսրայելից, Պակիստանից, Ռուսաստանից»,-և հարցնում. «Մի՞թե Հայաստանում դա չէին տեսնում»:
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը կրկնում է վաղեմի թեզը, իբր Փաշինյանը «մարտական գեներալներին փոխարինել է իրեն հավատարիմ ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, հեղինակազրկել է բանակը»:
Ներքաղաքական բանավեճի առումով երկրորդ նախագահի թեզերը դեռ կարող են որոշակի լսարանի համար ընդունելի լինել: Էականը այն է, որ Ռուսաստանը, ինչպես հասկացվում է այդ հարցազրույցից, պատերազմի և Հայաստանի պարտության քոչարյանական մեկնաբանությունը, մեղմ ասած, չի կիսում և ակնհայտորեն հասկացնում է, որ խորհրդարանական ընտրություններում իր ֆավորիտը Սամվել Կարապետյանն է:
«Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը վերջերս տարակուսել է, թե ինչո՞ւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին են հորդորում դուրս գալ ընտրապայքարից: Մոսկվայի կազմակերպած հարցազրույցը, երևի, այդ հարցի պատասխանը տալիս է: Մնում է սպասել, թե Քոչարյանը ի՞նչ որոշում կընդունի:

Բաց մի թողեք
Հայերի սպանությունը և բռնատեղահանությունը չէր հիշի, եթե Հայաստանում նախընտրական շրջան չլիներ
Անկարան Բաքվի «ուղղորդմանը» չի ենթարկվել
Նաթանյահուն կհաշտվի՞ Սիրիայի օդային տարածքը կորցնելու և թուրքական սպառնալիքի ներկայության հետ