Եթե մինչև բոլորովին վերջերս նախկին քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը փորձում էր անաչառ ձևանալ` երբեմն իշխանությունների դեմ հրապարակումներ անելով, Աննա Հակոբյանի հիմնադրամի դեմ վարչական հայց ներկայացնելով` բարեգործության արգելքն այս փուլում խախտելու համար, ապա վերջին օրերին նա բացահայտորեն «հիբրիդային» պատերազմ է վարում ընդդիմության և ազատ լրատվամիջոցների դեմ, ծառայելով ՔՊ-ական իշխանություններին:
Նա մոռացել է, որ ինքն էր կարևորում լրատվամիջոցների «բաց և թափանցիկ» աշխատանքը, օրենսդրական փոփոխություններ էր առաջարկում, ֆեյքնյուզերի դեմ էր, իբրեւ թե, պայքարում, հիմա անձամբ է տարածում կեղծ տեղեկություններ, մանիպուլյատիվ հրապարակումներ, սեւ քարոզչություն: Այս անգամ նա որոշել է օգտվել Хроника Кавказа անվանումով մութ եւ անհայտ մի լրատվամիջոցից, որը ոչ հասցե ունի, ոչ հեռախոսահամար, կայքի խմբագրի և խմբագրակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ինչ էլ կա` թելերը տանում են դեպի Ադրբեջան: Ոչ մի տեղեկատվությունը փաստարկված չէ, ոչ մի փաստի տակ վստահելի աղբյուր ու ապացույց չկա: Այն աստիճան, որ երբ այդ ամենը բացահայտվեց, Դանիել Իոաննիսյանը ստիպված խոստովանեց, որ սունկ կայք է այն, բայց ավելի խորացրեց իր սուբյեկտիվությունն ասելով` «սունկն ու սուտը նույն բանը չեն»: Եւ սա ասում է մի մարդ, ով կառչում է հայկական ԶԼՄ-ների իրեն դուր չեկած վերնագրերից եւ մեծ տառերով պիտակներ է կպցնում` «մանիպուլյացիա», «ֆեյքնյուզ» եւ այլն: Եւ հայկական ԶԼՄ-ներից պահանջում է իրենց ֆինանսական աղբյուրները բացահայտել` չբավարարվելով, ասենք, հարկային հաշվետվությունների հրապարակմամբ: Հայ լրագրողները ներկայանում են սեփական լուսանկարներով, ստորագրությամբ, դատարաններում պատասխան են տալիս իրենց գրածի համար եւ շահում են դատերը, բայց Իոաննիսյանը կարող է վարկաբեկել հայ լրագրողներին, իսկ անհայտ անձանց անհայտ ու կեղծ նյութերից օգտվելով` ընտրություններից 10 օր առաջ վարկաբեկել ընդդիմադիր լիդերներին, ծառայելով գործող վարչապետին:
Այս ամենին վրադիր, պարզվում է Хроника Кавказа ռուսալեզու կայքի խմբագիրն ադրբեջանցի է: Եւ ադրբեջանական կեղծ լուրը, թե` Հայաստանում կան ուժեր, ովքեր համագործակցում են ռուսական հատուկ ծառայությունների հետ, նրանցից ֆինանսավորվում են և փորձում ամեն գնով Հայաստանում իշխանություն յուրացնել, Դանիել Իոաննիսյանը հալած յուղի տեղ է ընդունել: Ավելին` ըստ հրապարակման, հայաստանյան մի շարք գործիչներ ապրիլի 28-ին գնացել էին Մոսկվա` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ քննարկելու «Հայաստանի ընտրությունների ապալեգիտիմացումը»։ Եւ այս կայքն ու Դանիել Իոաննիսյանն անուններ են հրապարակում` 24 նյուզի խմբագիր Նարեկ Գալստյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, Եզրաս արքեպիսկոպոսը և այլք: Իոաննիսյանի հրապարակած գործիչների շարքերում են` Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Սամվել Հակոբյանը, Էդմոն Մարուքյանը, Հայկ Նահապետյանը, Դերենիկ Մալխասյանը, Ստեփան Դանիելյանը և այլն: Լրատվամիջոցների շարքում են «Առավոտ» օրաթերթը, «Նյուզ էյ էմ»-ը, «Հայելին», «Պոլիտիկ էյ էմ»-ը, «Փաստ»-ը, «Ժամ էյ էմ»-ը, «թիվի 5»-ը, «Օրագիր»-ը, «7 օր»-ը և այլն:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը նախքան 2018-ի հայտնի իրադարձությունները քննադատում էր Ռուսաստանը և կարևորում արևմտյան արժեհամակարգը, այդ երբ եւ ինչպես դարձավ ռուսական ФСБ–ի հետ համագործակցող անձ: Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով այն մասին, թե ինչպես է իր անունը հայտնվել Իոաննիսյանի հրապարակված ցուցակում, նկատում է. «Նախ ասեմ, որ դա ադրբեջանական կայք է, իսկ Հայաստանի իշխանությունները փաստացի համագործակցում են այդ ադրբեջանական կայքի հետ: Իրենց խելքով փորձում են հեղինակազրկել ընդդիմությանը, սակայն դա արել են այնքան փնթի ձևով, որ հեղինակազրկվել են հենց իրենք: Օրինակ, Հայկ Մարությանի մասին նյութ են գրել, նշել են նրա ընտրական համարը, սակայն այդ նյութի հրապարակման ժամանակ Մարությանի համարը պարզ չի եղել, դրանից օրեր անց են քաղաքական ուժերը համարների վիճակահանություն արել: Այսինքն` անգամ ամսաթվերն են ֆեյք այդ հրապարակման մեջ: Ինչ վերաբերում է նախքան 2018 թվականը իմ արևմտամետ լինելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է արևմտամետ: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի իշխանության և նման արժեքների մասին, ապա ես հիմա էլ եմ արևմտամետ: Այն ժամանակ էլ ես զբաղվել եմ խղճի ազատությամբ, շատերի կարծիքով արդյունավետ կերպով պաշտպանել եմ կրոնական կազմակերպություններին, իսկ հիմա թիրախի տակ է Հայ առաքելական եկեղեցին և ես շարունակում եմ իմ գործը անել, պաշտպանելով եկեղեցին: Պատճառը շատ պարզ է, առաջ կրոնական կազմակերպություններն էին հարվածի տակ, այսօր` Առաքելական եկեղեցին: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են արևմտամետ, բայց թիրախավորում են եկեղեցին, դա ինձ համար հասկանալի չէ: Նման «արևմտամետների» համար խղճի ազատությունը որևէ դեր չունի, այդպիսինները աշխարհաքաղաքական պայքարում քաղաքական ծառայություններ են մատուցում այս կամ այն կողմին: Ստացվում է, որ նրանք ոչ արժեքների կողմնակից են, ոչ մարդու իրավունքներն են կարևորում, և ոչ էլ Հայաստանը: Նման մարդիկ, ինչպես ժամանակին բոլշևիկները, այժմ պայքարի մեջ են և հանուն իրենց շահերի պատրաստ են Հայաստանը զոհաբերել: Նրանք հանուն համաշխարհային ինչ-որ պրոյեկտների պատրաստ են Հայաստանը ոչնչացնել: Նրանք հակահայ գործիչներ են, իսկ ես մշտապես իմ սկզբունքներին հավատարիմ եմ եղել: Ստացվում է, որ եթե հիմա թիրախի տակ գտնվող Հայ առաքելական եկեղեցուն աջակցում ենք, ուրեմն պրոռուսական ենք, բայց այն ժամանակ, երբ սկզբունքից ելնելով պաշտպանում էինք մյուս եկեղեցիներին, ուրեմն այն ժամանակ լավն էինք` արևմտամետ էինք: Իրենց քաղհասարակություն կոչողները չունեն արժեքներ», – ասաց Դանիելյանը:
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հետ ևս զրուցեցինք թեմայի մասին, հարցրինք` գուցե ինչ-որ գրա՞նտ են ստացել ՌԴ-ից, և դա է իշխանական թևը համարում ФСБ–ի հետ համագործակցություն, Աբրահամյանը ասաց. «Ես բացարձակապես չգիտեմ, թե ինչի մասին են խոսում, բայց կասեմ, որ շատ անլուրջ եմ վերաբերվում նման դեբիլ բամբասանքներին, որևէ կերպ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե ես լինեի ФСБ–ի ագենտ, ապա դժվար թե ամեն օր Պուտինին քննադատեի: Թող շարունակեն իրենց տխմար քարոզչությունը»:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Թրամփը հրապարակային կերպով աջակցություն հայտնել Փաշինյանին. Քաղաքագետ
Գեղեցիկ պատմություններով տուն չեն ջեռուցում․․․ սա այլևս սովորական հայտարարություն էլ չէ
Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում