Իրանի պետական հեռուստատեսությունը հանրայնացրել է այսպես կոչված՝ «Իսլամաբադի հուշագրի» նախնական տարբերակը։ Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ն։
Ըստ իրանական կողմի՝ Միացյալ Նահանգները «պետք է վերացնի ծովային շրջափակումը, տարածաշրջանից հեռացնի զորքերը, իսկ Իրանը պարտավորվում է Օմանի հետ համագործակցությամբ վերականգնել Հորմուզի նեղուցի ազատ նավագնացությունը, որը ռազմական նավատորմին չի վերաբերում»։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը այդ տեղեկությունը «բացարձակ մտացածին» է անվանել։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլին ասել է, որ «ոչ մի պայմանավորվածություն Իրանի դեմ պաժամիջոցներ չի նախատեսում»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին ասել է, որ Իրանի հետ համաձայնությունը «կարող է կայանալ առաջիկա ժամերին կամ օրերին», բայց թե ի՞նչ սկզբունքների հիման վրա է դա հնարավոր, նա չի մանրամասնել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած tasnim գործակալության տեղեկացվածությամբ՝ Իրանի բանագնացները «պակիստանյան միջնորդի հետ աշխատում են «Փոխըմբռնման հուշագիր» անվանված փաստաթղթի լրամշակման վրա»։
Իրանա-ամերիկյան բանակցությունների «ճշմարտությունը», ըստ երևույթին, կարելի է տեսնել կողմերի «առավելապաշտական հայտարարությունների միջակայքում», իսկ դրա համար, ամենայն հաավանականությամբ, պետք է ուշադրություն դարձնել Իսրայելի պաշտոնյաների հայտարարություններին։
Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա Երուսաղեմում ընդգծված դժգոհություն են հայտնում, որ «բանակցություններում այլևս Իրանի հրթիռային ծրագրի հարց չի քննարկվում»։ Խոսքը Իրանի բալիստիկ հրթիռների մասին է։ Դրանց հեռահարությունը հասնում է 2600 կիլոմտերի, ինչը հրեական պետության ողջ տարածքը խոցելի է դարձնում։
Նախօրեին ԱՄՆ նախագահը Թուրքիային, Պակիստանին, Սաուդյան Արաբիային և տարածաշրջանի մյուս երկրներին կոչ է արել միանալ «Աբրահամյան համաձայնություններին» և կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն այդ առթիվ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորված է Պաղեստինի անկախ պետության ստեղծման «երաշխավորված ծրագրի հրապարակմամբ»։ Ամենայն հավանականությամբ, նույն դիրքորոշում ունեն նաև Թուրքիան և Պակիստանը։
Այսպիսով, կարելի է ասել, որ Իսրայելի «անհանգստությունները փարատելուն» ուղղված Թրամփի կոչը տարածաշրջանի իսլամադավան երկրների կողմից մերժվել է։ Այս ֆոնին տարածվել է Իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունը, որտեղ Իսրայելը կրկին անվանված է «տարածաշրջանի չարորակ գոյացություն», որ ենթակա է «ոչնչացման»։
Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Զամիրը «այաթոլլաների մռայլ ռեժիմին» սպառնացել է «նոր և ավելի հուժկու հարվածներով»։
Ըստ երևույթին, Իրանը և Միացյալ Նահանգները «մոտ են պատերազմի ավարտը հայտարարելու համաձայնությանը», բայց հետագա բանակցությունների հարցում դիրքորոշումները շարունակում են տրամագծորեն ներհակ մնալ։
Միակ զիջումը, որ կարող է անել Իրանը, «Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո ուրանի հարստացման ծրագիրը տասը կամ քսան տարով առկախելն» է, ինչի դիմաց, գուցե, ԱՄՆ-ը, թերևս, թույլատրի, որ իրանական ակտիվները «փուլ առ փուլ» ապասառեցվեն։
Ուշագրավ հանգամանք է, որ վերջին երկու օրվա ընթացքում հեռախոսազրույց է կայացել Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև, իսկ Նյու Յորքում Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են «տարածաշրջանում կայունության հաստատման հետ կապված հարցեր»։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Ղազախստանի միջև ցամաքային սահմանը անցնում է «վիճելի տարածքներով»
Ռուսաստանը փայտ կխոթի իրնա – ամերիկյան հարաբերությունների կարգավորման անիվում
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա