29/05/2026

EU – Armenia

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․

Այնպիսի տպավորություն է, որ ասես ՀՀ վարչապետի թեկնածուին ոչ թե Հայաստանի ժողովուրդը պիտի ընտրի, այլ ընտրում են Էրդողանը, Ալիևը, Եվրոպան․․․ Հետ չմնալու համար երեկ էլ Թրամփը «պարախոդով եկավ»։ Ասաց, որ Նիկոլն իր ընկերն է ու Ամերիկայի երազանքը։

Հրապարակ թերթը գրել է․ Որ անկեղծ լինենք, էլ ե՞րբ կարող էր նման Նիկոլ ընկնել նրանց ձեռքը։ Հազիվ գտել են։ Նիկոլն է, Աստված տվել է, վեր-վեր է թռնում։ Կյանքո՞ւմ էր եվրոպախառն, ալիևախառն Թրամփ վայելել։ Գառան խաշլաման ի՜նչ է դրա կողքին․ հեչ բան։

Այդ ֆոնի վրա հիշում եմ 2013 թվականին Ազգային ժողովում Նիկոլի պատմած անեկդոտը։ Այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր։ Անեկդոտը ներկայացնում եմ ամբողջությամբ․

«Բարաք Օբաման զանգում ա Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասխանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել» (նկատի ունի Սերժ Սարգսյանը)։

Հիմա նույն պատմությունն է՝ երկրի հակառակ կողմից

«Նիկոլ Փաշինյանը զանգում է Թրամփին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի ընտրություններում հաղթեմ: Թրամփն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մարկո Ռուբիոյին: Ընտրություններից հետո Նիկոլը զանգում ա Թրամփին, ասում ա՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասխանում ա, թե ՀՀ ընտրություններում դու ես հաղթել» (նկատի ունի Թրամփը)։

Ու ստացվում է՝ Նիկոլին ընտրելը արդեն ոչ թե ներքաղաքական գործընթաց է, այլ աշխարհաքաղաքական Եվրատեսիլ․ Անկարան տալիս է իր միավորները, Բաքուն՝ իր, Բրյուսելը՝ իր, Վաշինգտոնն էլ վերջին պահին «12 points»-ով մտնում է խաղի մեջ։
Բայց այստեղ ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի 2013-ի անեկդոտն այսօր վերադարձել է բումերանգի պես՝ միայն դերերն են փոխվել։ Այն ժամանակ նա ծիծաղում էր այն մտքի վրա, որ ուրիշ երկրի ընտրություններում հանկարծ Սերժ Սարգսյանն է «հաղթում»։ Հիմա արդեն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ընտրություններում ամենաշատը հաղթելու ցանկություն ունեն ոչ թե հայ ընտրողները, այլ արտաքին խաղացողները։

Եվ սա արդեն հումոր չէ, այլ գլխավոր քաղաքական հարցը․ եթե քո հաղթանակով այդքան ոգևորված են Թրամփը, Ալիևը, Էրդողանը ու Եվրոպան, վերջում ՀՀ վարչապետ ընտրո՞ւմ է Հայաստանի ժողովուրդը, թե միջազգային ժյուրին։