Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերաքննիչ բողոքը։ Кавказский узел-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանը «հրաժարվել է վերաքննիչ բողոք ներկայացնել»։
Նրա ընտանիքի անդամները լրատվամիջոցին պարզաբանել են, որ Վարդանյանը «չի ցանկացել լեգիտիմացնել իր հանդեպ ապօրինի վճիռը»։ Gazzetchi կայքը իր հերթին հայտնել է, որ Վարդանյանին «չի թույլատրվել հանդիպել ընտանիքի կողմից վարձված փաստաբանի հետ, նրան խորհուրդ են տվել դժգոհությունը կամ ցանկությունը ներկայացնել դատարանի կողմից նշանակված փաստաբանին»։
Բաքվի մամուլը չի հայտնել, թե Վերաքննիչ դատարանում երբ և ինչ ընթացակարգով է սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների վերաքննիչ բողոքի քննարկումը։ Վտարանդի լրագրող, ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության «Ազադլըգ» թերթի խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքի օգտահաշվում հրապարակել է քաղբանտարկյալ Բախտիյար Հաջիևի նամակը, որտեղ նա իշխանություններին հորդորել է ընդունել «մեծ համաներում»։
Հաջիևը հիմնավորել է, որ ի դեմս քաղբանտարկյալների՝ իշխանությունը կարող է «գործընկերներ ձեռք բերել», որ «կնպաստեն ԱՄՆ կողմից 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելուն»։ Խոսքը «Ազատության աջակցության ակտի» ուղղման մասին է, որ ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է 1992թ․-ին։ Այն մասնակիորեն չեղարկվել է սկսած 2001թ․-ից։
Անցյալ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով կասեցրել է իրավական ակտի կիրառումը։ Այդուհանդերձ, այդ ուղղումը մնում է ուժի մեջ և ԱՄՆ կառավարությանը, մասնավորապես, արգելում է Ադրբեջանին սպառազինություններ վաճառել։
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է «ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր»։ Ադրբեջանցի վտարանդի գործիչները վկայակոչել են Բելառուսի նախագահի հետ Թրամփի վարչակազմի «գործարքը», երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, փոխարենը Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել բելառուսական պարարտանյութերի արտահանման արգելքը։
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու ուղղությամբ Վաշինգտոնում ադրբեջանական լոբբին աշխատում է քառասունչորսօրյա պատերազմի ավարտից ի վեր, բայց ամերիկյան օրենսդիրների շրջանում բավարար աջակցություն ստանալ առայժմ չի հաջողվել։
Կարելի է ենթադրել, որ Ալիևը «առաջարկվող գործարքին կհամաձայնի»։ ԼՂ նախկին պաշտոնյաների վերաքննիչ բողոքի քննարկման մասին տեղեկությունը, կարծես, որոշակի նշանակություն ունի։ Խնդիր է, թե նրանց ճակատագիրը նույնպես կապվո՞ւմ է ԱՄՆ Կոնգրեսում 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու հետ։
Արժե, թերևս, նկատել, որ մոտ տասը օր առաջ ԼՂՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել և հայտնել, որ իր նկատմամբ կայացված դատական վճիռը չի ստացել, ուստի զրկված է այն բողոքարկելու իրավունքից։ Անցած օրերին ի՞նչ է փոխվել, որ Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նրա և մյուսների, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, վերաքննիչ բողոքը։
Իրավական տեսակետից, իհարկե, դժվար է հույս պահել, թե ադրբեջանական վերաքննիչ դատարանը վերանայելու է զինվորական դատարանի վճիռը, բայց քաղաքական առումով այդ տեղեկությունը բավական ուշագրավ է։ Մանավանդ եթե դիտենք, որ այն տարածվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան աշխատանքային այցին գրեթե զուգահեռ։

Բաց մի թողեք
Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ
Ամենաիմաստունը Չալոն էր` հոտառությամբ զգաց, որ Ձեզ հետ ճանապարհ շարունակելը կործանարար է
Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան