30/05/2026

EU – Armenia

Ռուսաստանը ԵՄ-ին թշնամի է հռչակել

Ներկա պահին Եվրոպան Ուկրաինայի կողմից հակամարտության կողմ է։ Մի մոռացեք, որ եվրոպական զենքը ուղղակիորեն կրակում է մեզ վրա, վերացարկվել դրանից հնարավոր չէ, ուստի իր այդ կարգավիճակում Եվրոպան չի կարող որևէ միջնորդության հավակնել։

Այդ մասին Աստանայում լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Նա արձագանքել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասի հայտարարությանը, որով նա Ռուսաստանին կոչ է արել ուկրաինական կարգավորման համատեքստում զորքերը դուրս բերել ոչ միայն Ուկրաինայից, այլև Մոլդովայից և Վրաստանից։

ՌԻԱ Նովոստին խմբագրական հոդվածում Կալասին անվանել է «նախկին խորհրդային պիոներ, որ Ռուսաստանին ծիծաղելի պահանջներ է ներկայացնում»։ Կալասը Ռուսաստանին Ուկրաինայում կրակի «անհապաղ և առանց նախապայմանների դադարեցման» պահանջ է ներկայացրել։

«Նեզավիսիմայա գազետա»-ի աղբյուրները, մինչդեռ հայտնել են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը «վերջին օրերին տեսչական ստուգումներ է անցկացրել զորքերի շփման գծում»։ Պարբերականը ենթադրել է, որ դա, հավանաբար, պայմանավորված է «ամառային լայնածավալ գործողությունների ծրագրավորմամբ»։

Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Կիևում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին «հորդորել» է հեռանալ։ Ըստ տեղեկությունների, Կիևին «հետևողական և համակարգրված հարվածներ հասցնելու» մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին։ Արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը այդ տեղեկությունը հաստատել է, բայց հավելել, որ Վաշինգտոնից «դեռևս արձագանք չկա»։

Ռուսաստանի սպառնալիքներին ԱՄՆ անուղղակի արձագանք կարելի է համարել Կիևում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական հայտարարությունը, որով հերքվել է ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած լուրը, թե «ամերիկյան դիվանագետները հեռացել» են Ուկրաինայի մայրաքաղաքից։ Ավելի կոշտ արձագանքել են Ֆրանսիան և Գերմանիան։

Փարիզում և Բեռլինում Ռուսաստանի դեսպանները հրավիրվել են արտաքին գործերի նախարարություն և զգուշացվել։ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից եվրոպական երկրներին «վախի ներշնչումը անընդունելի է և չի թուլացնի Ուկրաինային աջակցելու վճռականությունը»։

Այս համատեքստում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը հայտարարել է, որ եվրոպական երկրները «պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության»։ Նա վկայակոչել է Ֆինլանդիայում և Մերձբալթիկայի երկրներում «տարվող ամրաշինական և լոգիստիկ բարելավման աշխատանքները», բայց հատկապես ընդգծել, որ Ռուսաստանի հետ «սահմանին աճում է ռազմական ուժերի ներկայությունը»։

ՌԻԱ Նովոստին ամփոփել է, որ «պետք չէ ինքնախաբեությամբ տարվել, թե «հատուկ ռազմական գործողությունը» միայն ուկրաինական նեոնացիզմի դեմ» է՝ ակնհայտորեն նկատի ունենալով, որ Ռուսաստանը «էքզիստենցիալ հակամարտության մեջ է Արևմուտքի հետ»։

Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը Եվրամիությունը անվանել է «ռազմական ալյանս, որ Ռուսաստանի թշնամին» է։