04/06/2026

EU – Armenia

Ռուսաստանը պետդումայի ընտրությունների կգնա «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» կարգախոսով

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր գեներալ Անդրեյ Գուրուլյովը անդրադարձել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը»։ Նրա հայտարարությունը տարածել են ռուսաստանյան թելեգրամ ալիքները։

Գլխավոր միտքը, որ արտահայտել է Գուրուլյովը, ձևակերպված է այնպես, որ «հակառակորդի տեխնոլոգիական գերազանցությունը մարդկային կյանքերի գնով հակակշռելու ռազմավարությունը իրեն չի արդարացնում»։

Պահեստազորի գեներալը արձանագրել է, որ «մետրերի առաջխաղացումը տեղի է ունենում ահռելի զոհերի գնով»։

Ավելի վաղ բրիտանական հետախուզության տվյալների հիման վրա փորձագետները հաշվարկել են, որ ուկրաինական տարածքի մեկ քառակուսի կիլոմետր գրավելու համար Ռուսաստանը միջինը տալիս է «ավելի քան երկու հարյուր զոհ և գրեթե կրկնակի թվով վիրավորներ»։

Այդ առթիվ ՌԴ պետդումայի պատգամավորը փաստել է, որ Ուկրաինան «միլիոնավոր դրոններ է արտադրում» և երբ «զինվորը թաքստոցից գլուխը բարձրացնում է կամ տեխնիկան շարժվում է, հետևում է ուկրաինական FPV դրոնի հարվածը»։

Հունիսի լույս 3-ի գիշերը ուկրաինական ԱԹՍ-երը գրոհել են Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը։ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն՝ «վնասվել են մի քանի օբյեկտներ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հարված է հասցվել «պատերազմի համար գործող նավթային թերմինալին»։ Ուկրաինական թելեգրամ ալիքները հայտնել են Կրոնշտադի «ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին»։

Սանկտ Պետերբուրգի դեմ դրոնային հարձակումը Ուկրաինան նախաձեռնել է տնտեսական խորհրդաժողովի բացումից ժամեր առաջ։ Այդ միջոցառումը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինական կողմի հարձակումը, այսպիսով, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակություն ունի։ Կիևը բացահայտ հասկացնում է, որ Ռուսաստանի նախագահի ցանկացած միջոցառում կարող է խափանել։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ Սանկտ Պետերբուրգի դրոնային գրոհի «պատասխանը պետք է տա պաշտպանության նախարարությունը»։

Հունիսի 3-ին Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին և ուկրաինական մի քանի այլ քաղաքների, ավելի քան երկու տասնյակ քաղաքացիական անձինք զոհվել են։ Հրթիռա-դրոնային փոխադարձ հարվածների ահագնացման ֆոնին «Նյու Յորք թայմսը» գրել է, որ Պեկին այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին «առաջարկել է օգնել, որպեսզի ուկրաինական պատերազմը կանգնեցվի»։

Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց տեղի չի ունենա։ Ռուսաստանը պատրաստվում է պետական դումայի ընտրությունների, և Վլադիմիր Պուտինը հազիվ թե համաձայնի հրադադար հաստատելու առաջարկությանը։ Մանավանդ որ Ուկրաինան իր հերթին մերժել է Դոնեցկի մարզից զորքերը լիովին հեռացնելու ռուս-ամերիկյան «պահանջը»։

Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը «հատուկ ռազմական գործողության մասնակից» 1400 անձից պետդումայի պատգամավորության թեկնածու առաջադրվելու հայտ է ստացել։ Ուկրաինական աղբյուրներին «հայտնի է դարձել», որ առաջիկա օրերին գեներալ Գուրուլյովին «կառաջարկեն պատգամավորական մանդատից հրաժարվել»։

Ռուսաստանը պետդումայի ընտրությունների կգնա «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար, ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» կարգախոսով։ Նախօրեին Վլադիմիր Պուտինը հանրայնացրել է, որ «Հայրենական մեծ պատերազմի տարիների բաղադրատոմսով թխած հաց է ճաշակել»։