06/06/2026

EU – Armenia

Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել, գյուղը շnկի մեջ է

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած, հայտնել է Գագիկ Շամշյանը։

Մինչ գյուղի բնակիչները շոկի մեջ էին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում այս դեպքի մասին։

Գյուղ է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավարի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները և Ծաղկունքի վարչական ղեկավար Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։

Գյուղ են ժամանել նաև Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի Սևանի տարածաշրջանի համաճարակաբան Արշակ Էլիզբարյանը։

Տեղում Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից գյուղ ժամանած իր տեղակալ Սուրեն Համբարձումյանի ու Ծաղկունքի վարչական շրջանի ղեկավար Ս. Միքայելյանի կողմից արդեն ձեռնամուխ են եղել վնասի չափը պարզելու, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում են սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բալարոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փայել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին։

Հիմա նորից դիմում ենք մարզպետին, էկոնոմիկայի նախարարին, ու ուզում ենք հավատալ, ու նախարարը երբ տարբեր գյուղացիների հետ հանդիպմանն ասում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ գյուղացուն պետք է թև ու թիկունք լինել, հիմա սա այն դեպքն է, որ մարզպետն ու նախարարը կարող են ապացուցել, որ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ միայնակ չթողնեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ. Սահակյանի հանձնարարականով ոստիկանները նույնպես արձանագրել են դեպքը և հիմա սպասում են ճշտելու՝ քանի ոչխար և մայրացու գառներ են սատկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։