07/06/2026

EU – Armenia

Գյումրիում զանգվածային բերման ենթարկվածների ալիք․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը՝ ձերբակալվածների թվում

Այս առավոտ «Հայաստան» դաշինքի ավելի քան 10 համակիրի բերման են ենթարկվել անհայտ ուղղություններով։ Ձերբակալվել է նաև դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։ Ուշագրավ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր շրջապատի երկու կնոջ ևս բերման են ենթարկել, որոնք վստահված անձինք էին և որոնց գտնվելու վայրի մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, իրավապաշտպան Կարապետ Պոսյանի տունն ու գրասենյակը խուզարկելուց հետո նրան ևս տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ընտանիքը այս պահին որևէ տեղեկություն չունի նրանից։

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։

Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին։

Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հետևողականորեն վերահսկում է իրավիճակը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին ազատ և անկաշկանդ իրացնել իրենց ընտրական իրավունքը, իսկ բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։