28/08/2026

EU – Armenia

Հայաստանը վերածվում է մեկ անձի ձեռքում կենտրոնացած համակարգի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական և իրավական համակարգերի վիճակը գնահատել է խիստ մտահոգիչ։

Նրա խոսքով՝ հասարակությունն ամեն օր բախվում է նոր խնդիրների, որոնք, իր գնահատմամբ, վկայում են մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ վերաբերմունքի վատթարացման մասին։

Գալստյանը այս մասին հայտարարել է «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ՝ նշելով, որ երկրում միաժամանակ նկատվում է քաղաքական, սոցիալական և իրավական համակարգերի շարունակական թուլացում։

Անդրադառնալով միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատականներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ դրանց հրապարակած զեկույցներն ու գնահատականները ևս մտահոգիչ պատկեր են ներկայացնում Հայաստանի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ միջազգային գնահատականների համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է դասվել հիբրիդային և կիսաազատ պետությունների շարքին։

Գալստյանի խոսքով՝ սոցիալական և քաղաքացիական իրավունքների համադրությամբ Հայաստանը շարունակում է զբաղեցնել 54-րդ հորիզոնականը։ Նա ընդգծել է, որ այդ ցուցանիշը նույնն է, ինչ նախկին իշխանությունների կառավարման տարիներին, և այդ հանգամանքը հակասում է իշխանությունների՝ նախկին և ներկա իրավիճակների միջև էական տարբերության մասին հայտարարություններին։

Պատգամավորը նաև պնդել է, որ Հայաստանում իշխանության կենտրոնացման գործընթացը հասել է այնպիսի մակարդակի, երբ համակարգը, իր բնորոշմամբ, աստիճանաբար վերածվում է մեկ անձի շուրջ կենտրոնացած կառավարման մոդելի։

Գալստյանի գնահատմամբ՝ երկրում արդեն իսկ խաթարվել է սահմանադրական կարգը։ Նա այդ պնդումը կապել է առաջին հերթին իշխանության տարբեր ճյուղերի միջև տարանջատման և փոխզսպման սկզբունքների թուլացման հետ։

Ըստ նրա՝ պետական համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է իշխանության ճյուղերի իրական անկախություն, մինչդեռ Հայաստանում այդ սկզբունքի պահպանումը, պատգամավորի գնահատմամբ, լուրջ խնդիրների առաջ է կանգնած։