ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի [Գագիկ Խաչատրյան], վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործին՝ նշելով, որ դատավորը գործընթացն այնքան է ձգձգել, որ թոշակի է անցել, ինչի հետևանքով իրավական գործընթացը կարող է զրոյանալ։ Փաշինյանը նաև ասել էր․ «Գնացեք, իր և իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը նայեք»։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանի հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունն անցել է գործի։ Նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն, որի արդյունքներով, ըստ տեղեկությունների, հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է, և նա կարող է գտնվել կալանքի տակ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Խաչատրյանի նկատմամբ կիրառված գրավը փոխելու և որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
«Դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից): Համապատասխան ցուցման առկայության դեպքում, վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում: Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Պաշտպանական կողմը դա պայմանավորել էր նրա առողջական վիճակով և դատական նիստերին ներկայանալու անհնարինությամբ։
Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը դրամական պատճառելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ