«Հայաստանը պնդել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտպանի «սահմանի որոշակի հատվածներ», սակայն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ որևէ փաստաթուղթ դեռևս չի ստորագրվել։ Այս հարցերը պահանջում են փորձագիտական գնահատական»:
Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, դա այլ պատմություն է։ Նիկոլ Վովաևիչը (ՀՀ վարչապետ Փաշինյան), չնայած ասում է՝ եկեք սա չհիշենք, բայց ասեմ՝ նա կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ծածկի, պահի ՀՀ սահմանի որոշակի հատվածներ։ Բայց ՀԱՊԿ բոլոր անդամներն ասում են՝ ո՛չ, դա բոլորովին այլ պատմություն է․ պահանջվում էր պահել հայ-ադրբեջանական սահմանային հատված։ Սահմանի սահմանազատում չկա։ Սահմանի մասին համաձայնագիր չկա, երբեք էլ չի եղել։ Եվ մինչև հիմա էլ չկա։ Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է այս հատվածով, մինչդեռ Հայաստանը կարծում է, որ այն անցնում է այն հատվածով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են իրական փորձագիտական գնահատական»,- նշել է պետության ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ մինչև համաձայնագրի ստորագրումը մնում են հարցեր այն մասին, թե ինչպես կառուցել այս հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Պուտինը նշել է, որ սպասում է Հայաստանի վարչապետին Մոսկվայում, որտեղ հույս ունի բարձրացնել նաև այս հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու և ըստ ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության անհամատեղելիության մասին հարցը։

Բաց մի թողեք
«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»
Հայաստանի մասին մտածել ոչ թե աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ
Հենց վաղը կհեռանանք Հայաստանից․ Պուտին