Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտնել էր, որ գիրք է գրում 2018 թվականի հեղափոխության մասին, իսկ օրեր առաջ հայտնեց, որ տպագրվել է իր «Քայլ արա, մերժիր Սերժին» գիրքը։
«Իմ գիրքն արդեն տպագրված է եւ պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։ Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է»,- Ֆեյսբուքում գրել է նա եւ տեղեկացրել, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` Գրքի երեւանյան փառատոնի օրը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ու Թագուհի Ղազարյանը 2018-ին միասին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ էին, Սերժ Սարգսյանին հեռացնելու համար ստեղծված նախաձեռնությունը հետագայում միացավ Գյումրիից Երեւան քայլող Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժմանը եւ ակտիվ դերակատարում ունեցավ իշխանափոխության հարցում, որի արդյունքում նախաձեռնության մասնակիցները բարձր պաշտոններ ստացան, հայտնվեցին իշխանական տարբեր կաբինետներում։
Այս տարվա ընտրություններից հետո, երբ Ալեն Սիմոնյանը դուրս մնաց ԱԺ նախագահի պաշտոնի համար ծավալված պայքարից, եւ Փաշինյանը որոշեց նրան նշանակել ԱԽ քարտուղար, Արմեն Գրիգորյանը գործազուրկի կարգավիճակ ձեռք բերեց` հրաժարվելով Փաշինյանի աշխատակազմում աշխատելու առաջարկից: Այժմ տեղեկություններ են շրջանառվում, որ նա ցանկանում է կուսակցություն հիմնել` լուսանցքում մնացած քաղաքական գործիչներից, եւ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել:
Տեղեկացանք, որ նախկին ԱԽՔ-ի հեղինակած «Քայլ արա, մերժիր Սերժին» գիրքը հրատարակվել է «Անտարես» մեդիա հոլդինգում: «Անտարես» հրատարակչության տնօրենը, հիշեցնենք, Արմեն Մարտիրոսյանն է, հրատարակչության խմբագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նա «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արմեն Գրիգորյանի գրքի խմբագիրը պատգամավոր Թագուհի Ղազարյանն է:
– Ինչի՞ մասին է գիրքը, այն գեղարվեստակա՞ն է, թե՞ հուշագրություն է:
– Հուշագրություն է: Ընդ որում` բավականին շուտ է գրվել` 2018-2019 թվականներին, այդ իրադարձությունների թարմ տպավորությամբ, իսկ հետագայում էլ միջամտություններ չեն արվել: Կան դեպքեր, իրադարձություններ, որոնք գուցե շատերը հետահայաց կարող էին խմբագրել, այդ մասին չպատմել եւ այլն, սակայն Արմեն Գրիգորյանն անկեղծորեն պատմել է այն ամենի մասին, ինչ արել են:
– Իսկ ե՞րբ է դիմել «Անտարես» հրատարակչություն` այն տպագրելու համար, եւ քանի՞ օրինակով է տպագրվել:
– Տպագրվել է 1000 օրինակով, փետրվար-մարտ ամիսներից է պրոցեսը սկսվել: Մեզ դիմել էին, որպեսզի սկսենք հրատարակչական պրոցեսը: Գիրքը մեզ է հասել արդեն խմբագրված վիճակում: Մենք կատարել ենք հրատարակչական խմբագրման, սրբագրման, ձեւավորման եւ տպագրման աշխատանքները:
– Որպես գրականագետ եւ խմբագիր՝ ի՞նչ կարծիք ունեք այդ գրքի մասին: Կան տեսակետներ, որ թեման հնացած է, ակտուալ չէ, իսկ Սերժը շատ վաղուց մերժված է:
– Ես ընթերցողներին կառաջարկեի գրքի վերնագրի վրա չսեւեռվել, որովհետեւ վերնագիրը թավշա հեղափոխության օրերի սլենգների արտացոլանքն է: Գիրքը պատմում է թավշա հեղափոխության ընթացքի մասին, հեղինակը նաեւ պատմում է հենց իր գործողությունների մասին, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, ովքեր կային իրենց կողքին: Իմ կարծիքով` սա շատ կարեւոր պատմություն է, որովհետեւ հետահայաց մարդիկ կարող են շատ բաներ հաշվի առնել, երեւույթներին տալ այլ գնահատականներ: Առաջին դեմքից` թարմ տպավորություններով գրված գիրք է, շատերը կարող են նաեւ իրենց գործողությունները ստուգել` գիրքը կարդալով: Շատ հետաքրքիր ու անմիջական գիրք է:
– Ընթերցողին կհետաքրքրի՞ այն:
– Իմ կարծիքով` այո: Այն շեշտադրումները, որոնք արվում են 2018-ի մասին, այս գրքից դուրս են եւ վեր են: Մի պահ պատկերացրեք՝ նոր է հեղափոխության ընթացքը սկսվել, Փաշինյանը նոր է սկսել պայքարը եւ այլն: Բնականաբար, այն ժամանակ գիրքն ավելի էյֆորիկ էֆեկտ կունենար, սակայն այսօր էլ այն նոր զգացողություններ կփոխանցի ընթերցողներին եւ կստիպի շատերին ստուգել իրենց զգացողությունները:

Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին