03/09/2026

EU – Armenia

Ինչո՞ւ է Նարեկ Նալբանդյանը նյարդայնացրել Փաշինյանին․ Լուսանկար

Նարեկ Նալբանդյանի թեման իսկապես հետաքրքիր է։ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում բավականին էմոցիոնալ է արձագանքել այն հարցին, թե Նալբանդյանն իր ընտանիքի «սրտի օլիգարխն» է։

Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ հարցի տալիս էմոցիոնալ երանգ, ապա դա նշանակում է, որ հարցը նրա համար քաղաքականապես շատ զգայուն է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է, որ «Նարեկ Նալբանդյան» անվանումը իր իշխանության համար կարող է դառնալ այն, ինչ «Սաշիկ Սարգսյանն» էր Սերժ Սարգսյանի իշխանության տասնամյակում։

Այլ կերպ ասած, Փաշինյանը պատկերացնում է, որ Ն․Ն․–ն կարող է հանրային ընկալումների միջավայրում նույնանալ Ս․Ս–ի հետ։

Փաշինյանը, որ ինքը մեծ հմտությամբ օգտագործել է Ս․Ս–ի հանգամանքը Սերժ Սարգսյանի դեմ, լիովին պատկերացնում է քաղաքական վտանգը, որ կարող է բխել Ն․Ն հանգամանքից եւ որը կարող է օգտագործվել իր դեմ։ Իսկ դա մի «մախաթ» է, որը «պարկում չես պահի» ոչ մի կերպ։

Ահա այդ պատճառով էլ նա այս թեմային տալիս է արդեն բավականին էմոցիոնալ արձագանք եւ անգամ հնչեցնում սպառնալիք, որ Նալբանդյանը պետք է հերքի, այլապես կպատժվի դաժանորեն։ Ընդ որում, պետք չէ կասկածել, որ կպատժվի։

Նիկոլ Փաշինյանը զրկված լինելով լեգիտիմության վերջին թելից՝ ընտրական լեգիտիմությունից, ներկայումս առավել քան երբեւէ ունի «զոհաբերության» կարիք, որովհետեւ նա միայն այդպես կարող է մտածել լեգիտիմությունը դույզն իսկ վերականգնելու հնարավորության մասին։

Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին, որեւէ այլ նախկինին բանտարկելը կամ սեփականությունից զրկելը «զոհաբերություն» չէ, որովհետեւ «զոհաբերությունը» ենթադրում է յուրայինություն։ Իսկ, եթե զոհաբերություն չէ ըստ էության, ապա բավարար չէ լեգիտիմության կորստի վերականգնման համար։

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության կորուստը վերականգնելու հեռանկար կունենա, եթե գնա այդպիսի մի հնչեղ զոհաբերության՝ այսինքն յուրայինի «զոհաբերման»։ Սա չի նշանակում, որ դա կլինի հենց Նալբանդյանը, որովհետեւ հնարավոր է, որ դա լինի քաղաքական որեւէ թիմակից։

Ըստ այդմ, թերեւս պետք է այդ իմաստով զգուշավոր լինեն բոլոր նրանք, ում Փաշինյանը նայել է կամ առավել եւս կնայի այսպես ասած ջերմ աչքով։ Որովհետեւ, դա կնշանակի, որ այդ աչքին արժանացողը դառնում է ամենաշահեկան «զոհաբերության» առարկա։ Բայց, Նալբանդյանն այլեւս այդ շարքում է, ընդ որում՝ հրապարակավ մատնանշված։

Փաստորեն, Նարեկ Նալբանդյանը ամեն Աստծո օր՝ մինչեւ «աքլորականչ» պետք է առնվազն երեք անգամ հերքի Փաշինյանների ընտանիքի հետ որեւէ կապի առկայությունը։

Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

May be an image of suit