Օգոստոսի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ԵՊՀ դասախոս Էդիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն ու ազդեցությունն օգտագործելու համար։
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանի ԵՊՀ ընդունելությունն ապահովելու համար Մինասյանն Ապրես Հովհաննիսյանից խոշոր չափերի կաշառք է պահանջել` սկզբում պահանջել է 5 հազար ԱՄՆ դոլար, ապա գումարը նվազեցրել է մինչեւ 4 հազար դոլար։ Ապրես Հովհաննիսյանը չի համաձայնել եւ հրաժարվել է կաշառք տալուց։
Էդիկ Մինասյանը, հիշեցնենք, դաշնակցական, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել եւ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության։
ԵՊՀ դասախոսի շահերի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ քրեական վարույթին եւ առաջադրված մեղադրանքին։ «Երկու անձանց միջեւ տեղի ունեցած գաղտնալսում է, այնտեղ երկու անձ խոսում են, իմ գնահատմամբ` մեկը մյուսի մոտ գլուխ է գովում, որ ունի լուրջ շրջապատ, բոլորին գիտի, գիտի նաեւ դասախոսների, էն մեկն էլ ասեց՝ արի, թոռանս հարցերը լուծի, էն էլ ասեց՝ գնամ ճշտեմ, նա էլ ասեց՝ էսքան ա․․․ Կիսատ-պռատ ցուցմունք են վերցնում, ճանապարհում են, էսքան բան․․․ Փաստացի որեւէ փաստական տվյալ չկա, որ Էդիկ Մինասյանն ինչ-որ բան ինչ-որ անձից վերցրել է, որեւէ տվյալ, որպես այդպիսին, չկա, որ իր ազդեցությունից բխած որեւէ ապօրինի կամ օրինական բան պահանջել է։ Միակ ապացույցը գաղտնալսումն է։ Իմ դիրքորոշումն եմ ասում, որ երկու անձ խոսել են, ընդ որում՝ մյուս անձի ինքնությունը պարզ չէ, մեկը մյուսի մոտ գլուխ է գովել։ Ապացույց ինչի՞ չկա։ Եթե «ես լինեմ ԵՊՀ-ի կոռուպցիոներ դասախոս, ես, երեւի թե, ԵՊՀ ընդունվելու համար գումար կվերցնեմ», այդ շահագրգիռ անձը, որի համար գումարի հարց է քննվել, երբեւէ ԵՊՀ նույնիսկ չի դիմել, այդ անձն այլ բուհ է դիմել, այլ բուհ է ընդունվել, նա Էդիկ Մինասյանի առարկաների հետ կապ չունեցող առարկաներից է քննություն տվել։ Երրորդ եւ չորրորդ անձանց միջեւ խոսակցություն է՝ ներքին կամ արտաքին դիտարկում գործողություն է: Ընդ որում՝ կարեւոր հանգամանք, այդ պատճառաբանություններից մեկն էր, որ Կոմիտեն ասում էր՝ այդ մարդուն գտնենք, տեսնենք եւ այլն։ Դա ազդեցություն ունեցավ իմ պաշտպանյալի խափանման միջոցի համար` այդ անձին չգտան, չհարցաքննեցին»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ կաշառքի վերաբերյալ այդ ենթադրյալ խոսակցությունը եղել է 2022 թվականին։ Նա նաեւ նշեց, որ այդ ժամանակ այն անձը, որի համար պետք է ապահովվեր ԵՊՀ ընդունելությունը, բանակում է եղել, իսկ բուհ է դիմել 2024 թվականին։
«Կաշառքի հարցը եղել է 2022 թվականին, ու տեսել են, որ այդ ժամանակ բանակում է եղել, 24-ին է բուհ դիմել, եւ այդ ժամանակ է կաշառքի հարցը եղել։ Մարդը, տանն իր համար նստած, 2 անձ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, իրար հետ խոսում են, իրականում, իմ կարծիքով, գլուխ են գովացել»,- նշեց փաստաբանը։
Գալստյանը նաեւ ընդգծեց, որ տվյալ անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողությունները, այս դեպքի հետ կապված, չեն իրականացվել։ Նրա խոսքով՝ Ապրես Հովհաննիսյանի նկատմամբ գաղտնալսումն իրականացվել է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, որի ընթացքում էլ արձանագրվել է այս խոսակցությունը։
«Այս անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողությունները չեն իրականացվել՝ այս դեպքի հետ կապված, այդ անձի նկատմամբ լիովին այլ գործով գաղտնալսում են արել եւ այս խոսակցությունը լսել են։ Ինքն ընտրակաշառքի դեպքով մեղադրյալ է։ Այդ մարդը տվել է 2 ցուցմունք, որոնք հակասում են մեկը մյուսին, իմ կարծիքով՝ երկու ցուցմունքով իմ պաշտպանյալի անմեղությունը հաստատվել է»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ գաղտնալսումը տեղի է ունեցել նախընտրական շրջանում, Ապրես Հովհաննիսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ։


Բաց մի թողեք
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին
ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը