04/09/2026

EU – Armenia

Կրթվեցին` կարող են կառավարե՞լ

Մենք ինչքան շատ ենք խոսում իրավապահ համակարգի գործառույթներին միջամտելու անթույլատրելիության մասին, Նիկոլ Փաշինյանն այնքան ավելի հաճախ է միջամտում եւ այնքան ավելի անթույլատրելի հայտարարություններ է անում:

Հրապարակ թերթը գրել է․ Նա արդեն դատաբժիշկ է եւ կարող է որոշել՝ Գագիկ Խաչատրյանն իրական հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտ: Նա քննիչ է եւ կարող է որոշել, թե ովքեր են թալանել պետական գանձարանը եւ ինչ չափով: Նաեւ դատավոր է` կարող է որոշել, թե ում ինչքան պատիժ է հասնում, եւ ով ինչքան պետք է «նստի»:

Նա գիտի նաեւ, թե ամբողջ ժողովուրդն ինչ կարծիքի է եւ ինչ է ուզում, ամենակարեւորը` ում է ուզում բանտում տեսնել: Իրականում, իր ասած այդ «ժողովուրդը», որը մի քանի հազար մարդ է երեւի` երկրով մեկ, կուրախանա ցանկացած մեկի «նստելով», եւ համոզված եղեք` ամենից շատ կհրճվեն, եթե հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը հայտնվի ճաղերի ետեւում:

Ժողովրդի իրավագիտակցության մակարդակը շատ ցածր է: Նման զանգված կա ցանկացած երկրում, բայց ոչ մի երկրում իշխանությունը չի հենվում նրանց գիտելիքների, կարծիքի ու ցանկությունների վրա, չի առաջնորդվում նրանց կամքով, հակառակը` փորձում է այդ զանգվածին կրթել, դաստիարակել, բարձրացնել:

Ի դեպ, հենց նրանց կրթելու առաքելությունն էին ժամանակին ստանձնել նաեւ Փաշինյանն ու իր կինը` կոչ էին անում սովորել, գիրք կարդալ:

Հիմա ի՞նչ` կարդացին ու կրթվեցին եւ կարող են նաեւ երկիր կառավարե՞լ: Նիկոլ Փաշինյանը մեկ այլ` ավելի վատ բան էլ է անում` խրախուսում է իր ապօրինի հրահանգները կատարողներին, սադիստներին, բռնարարներին:

Մինչ իր կինը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ, ինքը կոչ է անում բռնություն կիրառել հարուստների, նախկին պաշտոնյաների նկատմամբ եւ անգամ հիվանդ մարդու հանդեպ բռնությունն է արդարացնում: