Պարզվում է, Երեւանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 դպրոցի նախկին տնօրեն Լիլիթ Ասլանյանը, որը տասը տարի ղեկավարել է այս դպրոցը, արդեն երկու տարի է, ինչ դե յուրե այլեւս չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը, սակայն չի հեռանում տնօրենի աշխատասենյակից եւ անգամ բանալիներն է պահում իր մոտ:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր աղբյուրի խոսքով` երկու տարի առաջ տիկին Ասլանյանը չի կարողացել տնօրենի մրցույթում հաղթել, ինչից հետո տնօրենի պարտականությունները կատարող է նշանակվել նույն դպրոցի ուսուցիչ Գոհար Մինասյանը, որը նախկին տնօրենի մտերիմն է, բայց դպրոցը շարունակել է դե ֆակտո ղեկավարել նախկին տնօրենը: Նա շարունակում է դպրոցում աշխատել այլ հաստիքով` որպես մանկավարժի օգնական, սակայն անգամ սեպտեմբերի 1-ին ինքն է, որպես տնօրեն, ծնողների հետ շփվել, եւ աշակերտները հենց նրան են տնօրեն համարում: Նա նստում է տնօրենի աշխատասենյակում, իսկ այնտեղից դուրս գալիս կողպում է դուռը եւ բանալիները պահում իր մոտ: Դե յուրե տնօրենի պարտականությունները կատարող Գոհար Մինասյանը ոչինչ չի անում առանց նախկին տնօրենի ցուցումների: Դպրոցում խոսում են, որ նախկին տնօրենը դեռ հույս ունի, որ կկարողանա վերանշանակվել տնօրենի պաշտոնում:
Ուշագրավ է, որ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չի կայանում, իսկ նախկին տնօրենը շարունակում է դպրոցի ստվերային ղեկավարումը, այնպիսի տպավորություն է, որ նա այդ հաստիքը սեփականաշնորհել է եւ չի պատրաստվում ուրիշին զիջել: Տնօրենի պարտականությունները կատարող Գոհար Մինասյանի հետ դժվարությամբ կարողացանք կապ հաստատել, քանի որ նա տնօրենի աշխատասենյակում չէր: «Հրապարակը» նրան հարցրեց` ինչո՞ւ երկու տարի շարունակ տնօրենի մրցույթ չի կայանում։ «Այդ հարցի հասցեատերը ես չեմ», – ասաց նա: Հարցին` իսկ ինչո՞ւ է դպրոցը շարունակում ղեկավարել նախկին տնօրենը, եթե նա արդեն երկու տարի է՝ տնօրեն չէ, մեր զրուցակիցն ասաց, որ չկա նման բան, նախկին տնօրենը որեւէ մեկին չի ներկայանում որպես գործող տնօրեն:


Բաց մի թողեք
6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է
Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում
Հրաժարվենք հին օրենքներից