16/10/2026

EU – Armenia

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»․ Քարտեզ

Նախորդ օրվա հայտարարությունից արդեն հասկանալի էր, որ նոր զիջումների փուլ ենք մտնում: Բայց քանի որ Փաշինյանը չէր հստակեցրել , թե ինչ նկատի ունի` ասելով, որ անկլավներ-էքսկլավներ չեն լինելու` դրանք փոխանակվելու են, մի փոքր հույս կար, որ չարյաց փոքրագույնի վրա են կանգնել:

Հրապարակ թերթը գրել է․ Այն է` Տիգրանաշենն ու Տավուշի այդ մի քանի կտորը կփոխանակեն Արծվաշենի հետ, քանի որ տարածքով համարժեք են և մենք նվազագույն կորուստներով կազատվենք այս մի ցավից: Տիգրաբաշենը կմնա մեզ, Արծվաշենը` նրանց: Բայց այսօր նոր հայտարարություն արեց և պարզվեց, որ չարյաց մեծագույնի վրա են կանգ առել…

Եթե նկատեցիք` էլի հստակ չի ասում, որ մոլորեցնի, ապակողմնորոշի մարդկանց, հույսի տեղ թողնի, չհասկանան, թե ինչ է իրականում կատարվում: Նաև շեշտում է` սա վերջնական չի, քննարկվում է, կարող է այս տարբերակը ընտրենք, կարող է հանրաքվե անենք, և այլն…

Անգամ նոր տերմին է հորինել` Արծվաշենը «կտեղաշարժենք»… «գյուղը տեղաշարժվում է` մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով` բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:

Հիմա հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»: Արծվաշենը, բնականաբար ոչ մի տեղ չի շարժվելու, բայց որպեսզի այն այլևս չլինի անկլավ, այսինքն` շրջապատված չլինի ադրբեջանական հողով` կպած լինի Հայաստանին, գյուղը Հայաստանից բաժանող հողերն Ադրբեջանը տալու է Հայաստանին: Բայց նույնը տեղի է ունենալու նաև Տիգրանաշենի պարագայում, այստեղ էլ Հայաստանն է Ադրբեջանին հողեր զիջելու, որ Տիգրանաշենը դադարի անկլավ լինելուց` կպնի Ադրբեջանին:

Թվում է` համարժեք փոխզիջում է, բայց իրականում սա ամենավատ տարբերակն է: Արծվաշենն ինքը տարածքի մեծությամբ համարժեք է Տիգրանաշենին ու Տավուշի այդ Բարխուդարլու – բան կտորին…Նախ հայտնի չէ, թե հարակից հողերով ինչքան կկազմի այդ անկլավ կոչվածները և ինչպես կչափեն փոխանակվող տարածքները: Վսռահ եղեք, որ սրանց պարագայում հաշվարկներն ու փոխանակումը` չափերի առումով, ի վնաս Հայաստանի է արվելու: Որբի գլուխ է, չէ՞. ով ոնց ուզի, խուզի…

Եվ ամենակարևորը` Արծվաշենը մենք ի՞նչ ենք անելու, ո՞վ է այնտեղ ապրելու, ի՞նչ ռազմավարական կամ թեկուզ գյուղատնտեսական արժեք ունի այդ հատվածը: Իսկ Տիգրանաշենի ու հարակից հողերի արժեքն ու նշանակությունն ակնհայտ է: Ու դա է պատճառը, որ հողերի փոխանակման գաղափարի հեղինակը փրփրում է, երբ լրագրողները հիշեցնում են Հայաստանով անցնող` հյուսիսը հարավի հետ կապող միջպետական ճանապարհի և Տիգրանաշենի ստրատեգիական դիրքի մասին: Դա ոնց որ կախվածի տանը պարանից խոսես…

Այս մարդը մեր պետությունն այնպես է տնօրինում, ինչպես կտնօրինի մեկ սենյականոց բնակարանի միայնակ սեփականատերը, որը 90 տարեկան և ոչ մի ժառանգ չունի` ծախեմ, ուտեմ-խմեմ, կյանքիս վերջին օրերը վայելեմ տրամաբանության մեջ…բայց չէ որ մեր «բնակարանը» բազում տերեր ունի ու ժառանգներ…

Տեր կանգնեք ձեր սեփականությանը, այ ժողովուրդ….

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»