Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել 100 օրով դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ռուսական տարածքում Starlink արբանյակային ցանցի ծածկույթի ընդլայնման (մինչև մոտ 300 կիլոմետր խորությամբ)։
Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Պարբերականը նշել է, որ այս առաջարկը Կիեւ են ներկայացրել ԱՄՆ հանրապետական սենատորներ Ռոջեր Ուիքերն ու Քեւին Կրամերը՝ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների ուղեկցությամբ։ Նրանք նախաձեռնությունը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ։
WSJ-ն ընդգծել է, որ Starlink-ի ծածկույթի ընդլայնումը կարող է մեծացնել ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու հնարավորությունները։
Այս քննարկումների մասին տեղեկությունները հայտնվել են Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի ժամանակավոր սահմանափակումների և ծառայության ընդհատումների պատճառների շուրջ ընթացող բանավեճերի ֆոնին։ Այդ խափանումները համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջների հետ, որոնցով նա կոչ էր անում Ուկրաինային դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Starlink-ի աշխատանքի սահմանափակումը Վաշինգտոնի ռազմավարության մի մասն է եղել Կիեւին զիջումների գնալու հարկադրման շրջանակում։
Աղբյուրները թերթին հայտնել են, որ թեև ԱՄՆ կառավարությունում ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել Starlink-ի ռազմական կիրառման հնարավորությունների սահմանափակման համար, սակայն ոչ ոք չի էլ հերքել նման սահմանափակումների առկայությունը։
Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան «էներգետիկ զինադադարի» են հասել։ Axios-ին տված մեկնաբանությունում Զելենսկին նշել էր, որ ամերիկացի առաջնորդի խոսքերն իր համար «նորություն» են եղել, թեև պատրաստակամություն է հայտնել դիտարկել նման պայմանավորվածությունը, «եթե Ռուսաստանը համաձայնի»։ Կրեմլը հաստատել էր, որ այդ հարցի շուրջ շփումներ եղել են, սակայն զերծ էր մնացել հաստատելուց, թե ձեռք է բերվել որևէ համաձայնություն։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զինադադարի պայմանները երբեք հստակեցված չեն եղել։

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Սենատորները պահանջում են հետաքննել Ուկրաինայում արբանյակային կապի խափանումները