16/10/2026

EU – Armenia

Ինչու չեն եկել Ադրբեջանից. Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու հանգամանքին։

Լրագրողներից մեկը ճեպազրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչու է Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել մասնակցությունից և արդյոք դա կարող է վկայել երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության մասին։

Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի որոշման պատճառներին ծանոթ չէ և առաջարկել է այդ հարցով դիմել հենց Բաքվին։

Նախարարի խոսքով՝ այս պահին նոր հանգամանքներ չկան, որոնք կարող էին մեկնաբանվել որպես հարաբերությունների լարվածության նշան և պայմանավորել Ադրբեջանի մասնակցությունը կամ բացակայությունը։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմին հրավեր ուղարկվել է, սակայն տվյալ միջոցառումն անցկացվում է ՄԱԿ-ի շրջանակում։ Նրա պարզաբանմամբ՝ քանի որ Ադրբեջանը կազմակերպության լիիրավ անդամ է, միջոցառումը վերաբերում է նաև այդ երկրին, ուստի ադրբեջանական ներկայացուցիչները կարող էին մասնակցել դրան։

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարածքների փոխանակման շուրջ երկու հասարակությունների համար ընդունելի լուծման հասնելը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։

Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ անկլավների և էքսկլավների առկայությունը, նույնիսկ տեխնիկական տեսանկյունից, լրացուցիչ բարդություններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերություններում։

Միրզոյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում քննարկել հնարավոր լուծումները՝ նպատակ ունենալով խուսափել այնպիսի որոշումներից, որոնք կարող են բարդացնել երկու ժողովուրդների առօրյա կյանքը։

ԱԳ նախարարի խոսքով՝ կա նաև փոխըմբռնում, որ սահմանազատման գործընթացի շրջանակում որոշ տարածքների հարցերի քննարկումը կարող է անհրաժեշտ լինել նախատեսված հերթականությունից ավելի առաջ բերել։ Նման մոտեցումը հատկապես կարևոր է այն հատվածներում, որտեղ նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցում կամ անցկացում, որպեսզի հետագայում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան։

«Կա ըմբռնում, որ սահմանազատման հարցում որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի»,- հավելեց Միրզոյանը։