16/10/2026

EU – Armenia

Հանրայինը բանավեճեր կկազմակերպի

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստվում է համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ նախընտրական բանավեճեր կազմակերպել: Նախատեսվում է, որ բանավիճելու են ցուցակների առաջին համարները, այսինքն` համայնքապետի թեկնածուները։

Բանն այն է, որ նախորդ տարվա ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ կազմակերպել նախընտրական բանավեճեր, այլեւ մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ, որին պետք է հրավեր ուղարկել բոլոր քաղաքական ուժերին, սակայն, ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, որի դեպքում կազմակերպվող բանավեճերի քանակը պետք է առնվազն 3-ը լինի, այս դեպքում նվազագույն քանակ է սահմանված` մեկ բանավեճ։

Տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին մարզկենտրոններում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերն արդեն ստացել են բանավեճերի հրավերները: Իջեւանի ՏԻՄ ընտրություններում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Վարդապետյանը մեզ հայտնեց, որ հրավերը ստացել է, Իջեւանի թեկնածուների միջեւ բանավեճն անցկացվելու է հոկտեմբերի 20-ին՝ 22։10, ուղիղ եթերում, որին ինքը մասնակցելու է։ Հարցին՝ եթե միայն մեկ թեկնածուն է ընդունում բանավեճի հրավերը, արդյոք բանավեճը չեղարկվո՞ւմ է։ Վարդապետյանը պատասխանեց․ «Հանրային հեռուստաընկերությունից ինձ ասել են, որ եթե, օրինակ, ՔՊ-ի թեկնածուն հրաժարվի ինձ հետ բանավեճից, եւ մնամ միայնակ, ապա նշված օրը, նույն ժամին կարող եմ գնալ Հանրային հեռուստաընկերություն` հարցազրույցի»։

Նա նաեւ նշեց, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության Գավառի թեկնածուն եւս պատրաստվում է մասնակցել բանավեճին, իսկ այնտեղ բանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։ Նշենք, որ հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես՝ Իջեւան, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Եղեգնաձոր, Հրազդան եւ այլն։