16/10/2026

EU – Armenia

Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել 100 օրով դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ռուսական տարածքում Starlink արբանյակային ցանցի ծածկույթի ընդլայնման (մինչև մոտ 300 կիլոմետր խորությամբ)։

Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Պարբերականը նշել է, որ այս առաջարկը Կիեւ են ներկայացրել ԱՄՆ հանրապետական ​​սենատորներ Ռոջեր Ուիքերն ու Քեւին Կրամերը՝ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների ուղեկցությամբ։ Նրանք նախաձեռնությունը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ։

WSJ-ն ընդգծել է, որ Starlink-ի ծածկույթի ընդլայնումը կարող է մեծացնել ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու հնարավորությունները։

Այս քննարկումների մասին տեղեկությունները հայտնվել են Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի ժամանակավոր սահմանափակումների և ծառայության ընդհատումների պատճառների շուրջ ընթացող բանավեճերի ֆոնին։ Այդ խափանումները համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջների հետ, որոնցով նա կոչ էր անում Ուկրաինային դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Starlink-ի աշխատանքի սահմանափակումը Վաշինգտոնի ռազմավարության մի մասն է եղել Կիեւին զիջումների գնալու հարկադրման շրջանակում։

Աղբյուրները թերթին հայտնել են, որ թեև ԱՄՆ կառավարությունում ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել Starlink-ի ռազմական կիրառման հնարավորությունների սահմանափակման համար, սակայն ոչ ոք չի էլ հերքել նման սահմանափակումների առկայությունը։

Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան «էներգետիկ զինադադարի» են հասել։ Axios-ին տված մեկնաբանությունում Զելենսկին նշել էր, որ ամերիկացի առաջնորդի խոսքերն իր համար «նորություն» են եղել, թեև պատրաստակամություն է հայտնել դիտարկել նման պայմանավորվածությունը, «եթե Ռուսաստանը համաձայնի»։ Կրեմլը հաստատել էր, որ այդ հարցի շուրջ շփումներ եղել են, սակայն զերծ էր մնացել հաստատելուց, թե ձեռք է բերվել որևէ համաձայնություն։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զինադադարի պայմանները երբեք հստակեցված չեն եղել։