Հակակոռուպցիոն դատարանի նախկին դատավոր Գիվի Հովհաննիսյանը որոշել է կրկին զբաղվել փաստաբանությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Իր հայտարարության համաձայն՝ նա ծառայություններ է առաջարկում քրեական վարույթներում հայտնված քաղաքացիներին՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել պաշտպանություն, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրել գործերի նյութերը, կազմել բողոքներ, միջնորդություններ և այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացնել քաղաքացիների շահերը իրավասու մարմիններում։
Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել էին 2026 թվականի հունիսի 25-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Խորհուրդը բավարարել էր Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Կարգապահական վարույթի հիմքում եղել էին Հովհաննիսյանի և իր օգնականի միջև փաստացի ամուսնական հարաբերությունները, որոնց մասին, ըստ վարույթի նյութերի, նա չէր նշել համապատասխան հայտարարագրում։ Բացի այդ, օգնականն աշխատել է նրա անմիջական ենթակայությամբ։ ԲԴԽ-ն այս հանգամանքները գնահատել էր որպես դատավորի վարքագծի կանոնների խախտում։
Հովհաննիսյանի անունը հայտնի է նաև մի շարք աղմկահարույց դատական գործընթացների համատեքստում։ Մասնավորապես, նա քննել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որը հայտնի է որպես «դիզելի գործ»։
Գիվի Հովհաննիսյանն իր փաստաբանական կարիերայի առաջին տարիներին ստանձնել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, երբ նախկին ընդդիմադիր, այժմ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում նախ՝ «Կոշ», ապա՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:
2022 թվականի օգոստոսին նա նշանակվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այժմ՝ դատական համակարգից հեռանալուց հետո, Հովհաննիսյանը կրկին վերադառնում է փաստաբանություն՝ առաջարկելով քրեական վարույթներում պաշտպանություն և իրավաբանական այլ ծառայություններ։


Բաց մի թողեք
Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. Լուսանկար
Խաբելու նոր սցենարներ են մտածում
Ֆենոմենալ երեւույթ