Նրանք, ովքեր դեռ երեկ հրճվում էին, թե ուր որ է Հայաստանը հեռացնելու է ռուսներին հայկական երկաթուղու կառավարումից ու այն հանձնելու է ինչ-որ երրորդ երկրի, կարող են սառը ջուր խմել։
Հրապարակ թերթը գրել է․ Հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելօզյորովին, ապա կառավարության նիստից հետո ճեպազրույցում բացել է փակագծերը՝ հայտարարելով. «Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ», «ուզում ենք հարցը լուծել ընկերական մթնոլորտում»: Լրագրողների դիտարկմանը, թե սա ակնհայտ նահանջ է նախկին դիրքորոշումից, վարչապետն արձագանքել է. «Դե, մենք չենք գրոհել, որ մի հատ էլ նահանջենք»։ Այսինքն՝ աղմուկը կար, բայց գրոհ չկար: Ամիսներ շարունակ կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու, արբիտրաժային դատարաններով ու պատժամիջոցներով հոխորտալու աղմուկը, պարզվում է, ընդամենը օդ տատանել էր` հիմա ռուսական կոնցեսիայի հետ խնդիր չունենք:
Ահա այդ նահանջի վերաբերյալ Փաշինյանի արդարացումը. «Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ… մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա ռացիոնալ ձեւաչափը կոնցեսիոն կառավարման ձեւաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը։ Բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են՝ իրենք գիտեն ինչպես լուծել այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, քննարկման արդյունքում ես ասել եմ՝ շատ լավ, ուրեմն եկեք ձեւավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ»։
Ռուսական կողմը, ի դեմս Բելօզյորովի, սառնասրտորեն արձանագրում է՝ կոնցեսիան դադարեցնելու կամ չպահպանելու հարց ընդհանրապես դրված չէ։ «Մենք բաց ենք երկխոսության եւ Հայաստանի կառավարության հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար։ Մեր կողմից մենք մտադիր ենք ամուր կերպով հավատարիմ մնալ մեր ստանձնած բոլոր պարտավորություններին»,- ասել է նա:
«Պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատումը» ոչ մի լավ բանի չի բերելու՝ համոզված է էներգետիկ եւ միջազգային անվտանգության հարցերով առաջատար մասնագետ Արմեն Մանվելյանը: Կոնցեսիոն կառավարման շուրջ աղմուկը, ըստ նրա, դատարկ տեղն է բարձրացված, եւ հնարավոր է, որ պայմանագիրը վերանայվի: «Սա ոչ եկամտաբեր, ծախսատար համակարգ է, եւ կոնցեսիոն կառավարումն էլ տրված է ռուսներին ծանր պայմաններում: Շատ հնարավոր է, որ ռուսները պահանջեն այդ պայմանները փոխել: Օրինակ, այդ համակարգում աշխատում է 3 հազար 400 մարդ, ու ցանկացած մեկը, ով այն կառավարի, այդ աշխատողների 2/3-ին պետք է ազատի:
Ցանկացած փոփոխություն ի վնաս է գնալու մարդկանց: Մանավանդ՝ եթե խնդիր է դրվում արդյունավետությունը բարձրացնելու, պատասխանը հետեւյալն է՝ թույլ տվեք ազատվել այս բեռից: Ես չգիտեմ, թե ինչ համաձայնության են գալու, բայց ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մեծ է մարդկանց աշխատանքից ազատելու վտանգը, եւ հնարավոր է, որ կոնցեսիոն կառավարման նոր պայմանագիր կնքվի՝ ի վնաս հայկական կողմի»,- ասում է նա: Փաշինյանի բոլոր պայմանավորվածություններն ի վնաս հայ մարդու են լինելու՝ կարծում է փորձագետը:
Ինչ վերաբերում է երրորդ երկրին, որին Փաշինյանն իբր ուզում էր վաճառել կոնցեսիան, ապա, ըստ Արմեն Մանվելյանի, Հայաստանի երկաթգծի կառավարումը ոչ մի երկրի հետաքրքիր չէ: «Այդ համակարգի խնդիրն այն է, որ եկամտաբեր չէ: Երկրորդն էլ այն է, որ երբ Արցախը նվիրաբերեցին թուրքերին, ու թուրքերը մտան Սոթք, սա բերեց նրան, որ Սոթքից Արարատի ոսկու կորզման գործարան գնացող գնացքները, որոնք տարեկան մեկուկես տոննա հանքաքար էին տանում, դադարեցին գնալ: Այլեւս այդ ծավալի ապրանքաշրջանառություն չկա, Հայաստանում չկան էլ մասնագետներ, ինժեներներ: Ալավերդու անցյալ տարվա աղետից հետո Ռուսաստանից բերեցին մասնագետներ, որ երկաթգծի վնասված մասը վերականգնեն»: Ոչ մեկին իրականում չի հետաքրքրում հայկական երկաթգծի կոնցեսիոն կառավարումը, եւ ռուսներն այստեղ զուտ քաղաքական ներկայության հարց են լուծում՝ համոզված է Արմեն Մանվելյանը:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ Նիկոլը նահանջեց: «Կարծում եմ՝ տեղի ունեցածը միայն երկաթուղու հարցով բացատրելը ճիշտ չի լինի։ Այստեղ ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, եւ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող փոփոխություններին»,- պատասխանում է էներգետիկ անվտանգության եւ տրանսպորտային լոգիստիկայի առաջատար փորձագետ Վահե Դավթյանը:
Նա հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների հարցում։ Վաշինգտոնը ժամանակավորապես մեղմացնում է սահմանափակումները, իսկ Մոսկվան վերացնում է արտահանման արգելքի մի մասը։ «Սա բավական կարեւոր նախադեպ է։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին եւ բազմաթիվ հակասություններին, կարողանում են տնտեսական ընդհանուր շահեր գտնել եւ կոնկրետ գործարքների գնալ։ Հիմա այս ամենը դիտարկենք Հայաստանի համատեքստում։ Սեպտեմբերի 29-ին Երեւան է գալիս «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Քննարկվում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման եւ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցերը։ Ընդ որում, ռուսական կողմը ներկայացնում է բավական կոնկրետ առաջարկ՝ 1000 մեգավատ հզորությամբ էներգաբլոկի կառուցում, նաեւ միջազգային կոնսորցիում ձեւավորելու հնարավորությամբ։ Այսինքն՝ Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է ոչ միայն պահպանել իր ներկայությունն այդ ոլորտում, այլեւ առաջարկել համագործակցության նոր ձեւաչափեր։ Հոկտեմբերի 14-ին արդեն Երեւան է ժամանում «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելօզյորովը, եւ կողմերը համաձայնում են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։ Հաջորդ օրը Փաշինյանը, որը մինչ այդ բավական կտրուկ էր խոսում ռուսական կոնցեսիոն կառավարումը փոխելու անհրաժեշտության մասին, արդեն հայտարարում է, որ ռուս գործընկերների առաջարկած լուծումները նույնպես պատրաստ է քննարկել»,- ասում է Դավթյանը:
Ըստ նրա՝ այս երկու այցերը պետք է դիտարկել նույն քաղաքական տրամաբանության մեջ։ «Խոսքը Հայաստանի երկու ռազմավարական ենթակառուցվածքների մասին է՝ ատոմակայան եւ երկաթուղի։ Երկուսի դեպքում էլ ռուսական կողմը գալիս է Երեւան, մտնում անմիջական բանակցությունների մեջ եւ առաջարկում խնդիրների լուծման իր տարբերակները։ Եվ այստեղ հետաքրքիր է Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը` եթե նախկինում շեշտը դրվում էր ռուսական կառավարման ձեւաչափը փոխելու վրա, ապա հիմա արդեն խոսվում է այդ նույն ձեւաչափի շրջանակներում լուծումներ գտնելու հնարավորության մասին»: Նա չի բացառում, որ այս փոփոխության վրա ազդում է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի կարգավորման հեռանկարը։ «Եթե Վաշինգտոնն ինքը պատրաստ է Մոսկվայի հետ էներգետիկ գործարքների գնալ, ապա Երեւանի համար ավելի դժվար է դառնում իր ռազմավարական ենթակառուցվածքներից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը կառուցել այն ենթադրության վրա, թե ռուսական ներկայությունը միջազգային համագործակցության համար անխուսափելի խոչընդոտ է»։
ՀԳ. Ինչպես հայտնի է, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված կոնցեսիոն պայմանագրով Հայաստանի երկաթուղային ողջ ենթակառուցվածքը 30 տարով (մինչեւ 2038 թ.) հանձնված է ռուսական կողմի կառավարմանը: Պայմանագրում հստակ գրված է, որ եթե Հայաստանի տարածքում կառուցվում կամ վերականգնվում են նոր երկաթուղային գծեր, դրանք ավտոմատ կերպով անցնում են կոնցեսիոների (այսինքն՝ ՌԵ-ի) կառավարմանը: TRIPP-ը բացառություն լինել չի կարող: Այնպես որ, Նիկոլին մնում է նահանջել եւ ձեւացնել, թե ամեն ինչ ընթանում է իր նախանշած «ընկերական» հունով։

Բաց մի թողեք
Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. Լուսանկար
Խաբելու նոր սցենարներ են մտածում
Ֆենոմենալ երեւույթ