17/10/2026

EU – Armenia

ԴԱՀԿ-ն բռնագանձման ենթակա գումարների 10 տոկոսից պակասն է բռնագանձել

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքից hանրության մեջ որոշ դժգոհություններ կան։ Հոկտեմբերի 9-ին տեղեկատվական հարցում եմ արել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանին՝ հարցնելով, թե դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քանի աշխատակից ունի, որքան թափուր հաստիքներ, որքան է ԴԱՀԿ աշխատակիցների միջին աշխատավարձը։

Հրապարակ թերթը գրել է․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության փոխգնդապետ Արամ Սուքիասյանի ստրագրությամբ պատասխանում նշված է. «2026թ․-ի հոկտեմբերի 9-ի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարողների թիվը կազմել է 251, իսկ թափուր հաստիքների քանակը կազմել է 55։ Հարկադիր կատարողների միջին աշխատավարձը կազմել է 239,357 ՀՀ դրամ»։

Ստացվում է, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում յուրաքանչյուր 6-րդ աշխատատեղ թափուր է։ Դա՝ այն դեպքում, որ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է։ Գլխավոր հարկադիր կատարողին նաեւ հարցրել եմ՝ 2025 եւ 2026 թվականներին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ԴԱՀԿ-ն որքան գումար պետք է գանձեր եւ փաստացի որքան գումար է գանձել։
Ծառայությունից հայտնել են․ «2025թ․-ի ընթացքում ընթացք տրված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 564, 053, 356,527 դրամ, իսկ նույն ժամանակահատվածում բռնագանձված գումարը կազմել է 64, 092,153,997 դրամ։ 2026թ․-ի հոկտեմբերի 9-ի դրությամբ ընթացք տրված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 616, 473, 103, 453 դրամ, իսկ նույն ժամանակահատվածում բռնագանձված գումարը՝ 54,195,173,023 դրամ»։

Ինչպես նկատեցիք` բռնագանձված գումարները բռնագանձման ենթակա գումարների փոքր տոկոսն են կազմում (616 միլիարդից ընդամենը 54 միլիարդը` 10 տոկոսից պակաս), ինչը վկայում է ԴԱՀԿ ծառայության աշխատանքի ոչ արդյունավետության մասին։ Երեւանի բնակչուհի Հասմիկ Պոտոյանը մեզ բողոքել է, որ ԴԱՀԿ-ն իր՝ միայնակ թոշակառուի «Արքա» քարտին առկա գումարի 20%-ի բռնագանձում է անում, անհասկանալի պատճառով՝ նրա սեպտեմբերի թոշակից էլ 11 հազար 040 դրամ է սառեցվել։ Հասմիկ Պոտոյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանին ուղղել է 3 բողոք-դիմում, 3-րդը՝ ՄԻՊ-ի հորդորով, եւ խնդրի պարզաբանման եւ լուծման համար արդեն մեկ ամիս է, ինչ պատասխան չի ստացել։ Տեղեկատվական հարցման մեջ Սիրո Ամիրխանյանին գրել եմ․ «Խնդրում եմ պարզաբանել, թե Հասմիկ Պոտոյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ի կողմից իրականացված վերոհիշյալ գործողություններն օրինական ինչ հիմքեր ունեն, որ օրենքի որ կետով են կատարվել»։ ԴԱՀԿ ծառայությունից պատասխանել են․ «Ծառայության կատարողական վարույթների վարման համակարգում Հասմիկ Պոտոյան անունով պարտապան չի հայտնաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողական վարույթների վարման համակարգում պարտապանների վերաբերյալ տվյալները հաշվառվում են ըստ անձնագրային տվյալների, ուստի տվյալները նույնականացնելու, հստակ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս ՀԾՀ, ՀՎՀՀ կամ այլ անձնագրային տվյալները»։

Տեղեկատվական հարցման մեջ տեղեկացրել եմ. «Շատ քաղաքացիներ դժգոհում են, որ հաճախ իրենց բանկային հաշիվների կամ գույքի արգելանքի մասին տեղեկանում են պատահականորեն, ԴԱՀԿ-ի կողմից փոստային կամ էլեկտրոնային ծանուցումները հաճախ տեղ չեն հասնում կամ ուշանում են։ Ո՞րն է այդ ծանուցումների ուշացման պատճառը»։ Այդ առթիվ էլ պարզաբանել են․ «Ինչ վերաբերում է Ծառայության ծանուցումների ուշ ուղարկմանը, ապա նշենք, որ տվյալ հարցադրման վերաբերյալ մասնավոր դեպք ներկայացնելու պարագայում միայն հնարավոր կլինի տրամադրել տեղեկատվություն։