19/10/2026

EU – Armenia

Խաղաղության իրական արժեքը կորոշվի, թե ով է տնօրինելու տնտեսական ապագան

Մոսկվայի և Բաքվի վերջին քայլերը վկայում են, որ Հարավային Կովկասի ապագայի շուրջ պայքարը նոր փուլ է մտնում։ Խաղաղության բանակցությունների խորքում ավելի մեծ հարց է հասունանում՝ ում ձեռքում կհայտնվեն տարածաշրջանի ճանապարհները, էներգետիկ կապերն ու դրանց միջոցով ձևավորվող քաղաքական ազդեցությունը։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, Ուկրաինայի հարցում Դոնալդ Թրամփի վերջին քայլերի համատեքստում, Հայաստանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի և Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը ձգձգելու մեջ։

Նույն օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մոսկվայում SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարում է «Գազպրոմից» գազի գնումները վերսկսելու մտադրության մասին։ Դեռևս հստակեցված չեն մատակարարումների ծավալներն ու ժամկետները։

Երևանում էլ Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշել է ռուսական կողմի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետությունը վերանայելու և երեք ամսում հետագա քայլերը հստակեցնելու համար։

Այս երեք իրադարձությունները արժանի են միասին դիտարկվելու։ Զուլֆուգարովի հայտարարության ամենաուշագրավ կողմը նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու Վաշինգտոնյան պայմանավորվածությունները նույն հարթության վրա դնելու փորձն է։ Դրանց միջև սկզբունքային տարբերություն կա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի իններորդ կետը տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողության դեր էր վերապահում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը։

Վաշինգտոնյան համաձայնությունները, այդ թվում՝ TRIPP-ի շրջանակը, ամրագրում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սեփական տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ։ Խոսքն իրականում տարածաշրջանի ապագա կարգի մասին է՝ ռուսական վերահսկողության նախկին մեխանիզմների պահպանո՞ւմ, թե՞ Հայաստանի ինքնիշխանության վրա հիմնված հաղորդակցությունների նոր համակարգ։

Այս տարբերությունը հիմնարար է։ Առաջինը ծնվել է պատերազմի և ռուսական միջնորդության պայմաններում, երկրորդը՝ տարածաշրջանում ուժերի նոր դասավորության և ամերիկյան ներգրավվածության արդյունքում։

Զուլֆուգարովի մեկնաբանությամբ երկու փաստաթղթերի քաղաքական սահմանները ջնջելու փորձը վերակենդանացնում է հին հարցը. ո՞ւմ վերահսկողության ներքո պետք է գործեն տարածաշրջանի հաղորդակցությունները։

Այստեղ էական է նաև Բաքվի գազային նախաձեռնությունը։ Ադրբեջանն իրեն ներկայացնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևոր գործընկեր, միաժամանակ պատրաստակամություն է հայտնում վերադառնալ ռուսական գազի գնումներին։ Դրա համար կարող են լինել միանգամայն տնտեսական հաշվարկներ՝ ներքին պահանջարկի ապահովում, սեզոնային փոխանակումներ, արտահանման հնարավորությունների ընդլայնում։

Սակայն ռուսական գազը վաղուց դարձել է նաև քաղաքական ազդեցության գործիք։ Եվրոպայի փորձը ցույց տվեց, թե ինչպես կարող է էներգետիկ կախվածությունը վերածվել արտաքին քաղաքական խոցելիության՝ տնտեսական շահերը ենթարկելով Մոսկվայի ռազմավարական հաշվարկներին։

Հետևաբար, Մոսկվա–Բաքու էներգետիկ մերձեցման հնարավոր հետևանքները հայկական կողմը պարտավոր է գնահատել տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ընթացող մրցակցության համատեքստում։

Այդ մրցակցության կենտրոնում այժմ Հայաստանի երկաթուղին է։ 2008 թվականին հայկական երկաթուղին 30 տարով հանձնվեց «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կոնցեսիոն կառավարմանը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այդ ժամանակ որոշումը ներկայացվում էր որպես ենթակառուցվածքների արդիականացման տնտեսական անհրաժեշտություն։

Տասնութ տարի անց Հայաստանը կանգնած է բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրադրության առջև։ Հնարավոր է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումը, քննարկվում են միջազգային ներդրումներ, ձևավորվում է Արևելք–Արևմուտք փոխադրումների նոր աշխարհագրություն։

Այս պայմաններում ռուսական կառավարման շարունակման նպատակահարմարության վերանայումը Հայաստանի օրակարգում վաղուց հասունացած հարց է։ Ռուսական կողմի հետ ստեղծված աշխատանքային խումբը հնարավորություն է տալիս քննարկելու պայմանագրի տնտեսական արդյունքները, իրավական պարտավորություններն ու հետագա կառավարման տարբերակները։

Բայց երեք ամիսը պետք է ունենա չափելի արդյունք։ Հակառակ դեպքում աշխատանքային խումբը կարող է վերածվել ժամանակ շահելու ևս մեկ մեխանիզմի։ Հայաստանի համար ժամանակն արդեն ինքնուրույն տնտեսական արժեք ունի։

Հայաստանի երկաթուղին պետք է ծառայի երկրի տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային նոր հնարավորությունների իրացմանը։ Դրա համար անհրաժեշտ է վերանայել կառավարման գործող համակարգը, ապահովել ներդրողների վստահությունն ու պետության լիարժեք վերահսկողությունը ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ։ Կառավարությունը պետք է պատրաստ լինի նաև պայմանագրային և իրավական բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու Հայաստանի երկարաժամկետ շահերը։

Վաշինգտոնի խաղաղության գործարքի ճակատագիրը նույնպես կախված է նման որոշումներից։ Ամերիկյան նախաձեռնության տնտեսական հաջողությունը պահանջում է գործող ենթակառուցվածքներ, ներդրումային վստահություն և Հայաստանի տարածքում պետական լիարժեք վերահսկողություն։ Այն նաև պահանջում է Բաքվի կառուցողական մասնակցությունը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը շարունակելու է ստվերել տարածաշրջանային խոշոր ծրագրերի հեռանկարը։

Թրամփի ուկրաինական քաղաքականությունից Հարավային Կովկասի համար պատրաստի եզրակացություններ անելը վտանգավոր զբաղմունք է։ Մեծ տերությունների բանակցային մարտավարությունը փոխվում է՝ կախված պատերազմի ընթացքից, տնտեսական շահերից և ուժերի հարաբերակցությունից։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հենվի իր ստորագրած փաստաթղթերի, սեփական կարողությունների և գործընկերների հետ հստակ համաձայնությունների վրա։

Բաքուն կարող է գազ գնել Մոսկվայից։ Դա նրա ինքնիշխան որոշումն է։ Երևանն էլ իրավունք ունի վերանայելու ռուսական ընկերության հետ կնքած երկաթուղային պայմանագրի նպատակահարմարությունը։ Նույն սկզբունքը պետք է գործի բոլորի համար։

Ի վերջո, հարավկովկասյան խաղաղության իրական արժեքը կորոշվի նաև նրանով, թե ով է տնօրինելու տարածաշրջանի տնտեսական ապագան։ Հայաստանի երկաթուղու ճակատագիրը տարածաշրջանի տնտեսական ապագայի առաջին լուրջ փորձություններից է։ Տասնամյակներ շարունակ մեր երկիրը կրել է ուրիշների աշխարհաքաղաքական հաշվարկների ծանր հետևանքները։ Ժամանակն է սեփական շահերով առաջնորդվելու և տարածաշրջանի նոր տնտեսական քարտեզի ձևավորման գործում վճռական դեր ստանձնելու։