19/10/2026

EU – Armenia

Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»

Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։

Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը, գրել է «Հետք»-ը։

Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կանգուն է երկհարկանի հասարակական շինությունը։ 185 քմ հողամասի վրա կառուցապատումն սկսվել է 2025 թվականին։ Տարածքում փակցված ցուցանակը ազդարարում է, որ շինարարության նախաձեռնողը Սասուն Խաչատրյանն է, իսկ կառուցվող շինությունը հասարակական նշանակության է։ Կառուցապատվող հողատարածքի ճակատային մասն ուղղված է դեպի Դավիթ Անհաղթ փողոց։ Մյուս կողմերից այն շրջապատված է մեկ այլ շինությամբ և երկաթյա ավտոտնակներով։ Հողամասից ուղիղ գծով 700 մետր հեռավորության վրա է գտնվում Արաբկիրի դատախազությունը, 500 մետրի վրա՝ Արաբկիրի դատարանը, 800 մետրի վրա՝ Արաբկիրի քննչական բաժինը, իսկ 1600 մետր հեռավորության վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Հողամասին մոտ են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների գլխավոր կառույցները։ Կարճ ասած՝ տեղանքը շատ հարմար է փաստաբանական որևէ գրասենյակի համար․ նշված կառույցներին հնարավոր է հասնել 5-7 րոպեում։

 

Դատախազը հողը գնել է աճուրդով՝ 1 քմ-ն 22 հազար դրամով

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ հողամասի առաջին ձեռքբերողը Սասուն Խաչատրյանն է․ այն գնել է 2013 թվականին՝ Երևան համայնքից։ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013 թ․ դեկտեմբերի 17-ի որոշմամբ հաստատվել են քաղաքապետարանի կազմակերպած՝ համայնքային հողերն աճուրդով վաճառելու գործընթացի արդյունքները։ Այն ժամանակ աճուրդին մասնակցել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը և Երևանի բնակիչ Գագիկ Հովսեփյանը։ 185 քմ հողամասն աճուրդի արդյունքներով վաճառվել է 4 միլիոն 69 հազար դրամով (հաղթող է ճանաչվել Սասուն Խաչատրյանը)։ Այսինքն՝ հողամասի 1 քմ-ն վաճառվել է 22 հազար դրամով։ Հողամասն օտարելու համայնքապետի որոշումների ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ համայնքային հողամասի օգտագործման նպատակը պետք է լիներ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելը, որն էլ 12 տարի անց կատարել է գնորդը (տեղում կառուցել է հասարակական շինություն)։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասն ունի բնակավայրերի/խառը կառուցապատման նպատակային նշանակություն։

Փաստաթղթերից այն կողմ

Ո՛չ Երևանի քաղաքապետարանի, ո՛չ էլ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերում որևէ նշում չկա, թե օտարված հողամասն ինչ տեսք է ունեցել բնության մեջ օտարման պահին։ Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել «Google Earth Pro» հավելված, որը ներկայացնում է տարբեր տարիներին իրականացված արբանյակային լուսանկարներ։

2013 թ․ ապրիլին արբանյակից արված լուսանկարը ցույց է տալիս, որ օտարված հողամասն ամբողջությամբ կանաչապատ է, տեղում ծառեր կան։ Նույն պատկերն է երևում 2014 թ․ հոկտեմբերի լուսանկարում, և այդպես՝ մինչև 2024 թվականը։ Ավելին՝ 2004-2005 թվականների լուսանկարներում էլ են երևում ծառերը։ Ինչպե՞ս է հնարավոր եղել ծառապատ հողամասն աճուրդով վաճառել․ այս հարցն ուղղել ենք Երևանի քաղաքապետարանին։ Մեր հարցմանը պատասխանել է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը․ «Նշված հողամասի՝ աճուրդային կարգով վաճառքի փաստաթղթեր աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում առկա չեն, հետևաբար հողամասի նպատակային նշանակությունը՝ «բնակավայրերի», իսկ գործառնական նշանակությունը՝ «խառը կառուցապատման» սահմանելու հիմք հանդիսացող փաստաթղթեր, ինչպես նաև 2013 թվականին և դրանից առաջ ծառապատ, կանաչ տարածք լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող տվյալներ տրամադրել չենք կարող»։ Եթե ընդունենք, որ բոլոր փաստաթղթերը հանձնվել են Ազգային արխիվ, կրկին հարց է առաջանում․ Երևանի քաղաքապետարանը հողամասի սեփականատիրոջը շինարարության թույլտվություն տալու ժամանակ պե՞տք է ուշադրություն դարձներ կառուցապատվող հողամասին։ Բայց ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ դեպքերում Երևանի քաղաքապետարանը բավարարվում է կառուցապատողի մոտ առկա սեփականության իրավունքի վկայականով։

Սասուն Խաչատրյանը լուռ է

Իրավապահ համակարգում 24 տարի տարբեր պաշտոններ զբաղեցրած և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին հասած Սասուն Խաչատրյանն այժմ փաստաբանական թիմ է ղեկավարում։ Սասուն Խաչատրյանը կոմիտեի նախագահի պաշտոնը թողեց Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թ․ նոյեմբերին իրավապահներին ուղղված հրապարակային դժգոհությունից հետո։ 2025 թվականին նա գործընկերոջ հետ հիմնադրել է «Խաչատրյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է հիմնադրման օրվանից։

Հողամասի ձեռքբերման, կառուցապատման և ծառերի հատման մասին մեր հարցերը Սասուն Խաչատրյանին ուղղեցինք իր ղեկավարած ընկերության էլեկտրոնային փոստին ուղարկված նամակով։ Խաչատրյանին, մասնավորապես, հարցրել ենք․

Ինչպե՞ս եք իմացել վաճառվող հողամասի մասին։ Աճուրդին մասնակցելուց առաջ այցելե՞լ եք Դավիթ Անհաղթ փողոցի 2/2 հասցե։ Եթե այո, ապա արդյո՞ք չեք տեսել, որ հողամասը ծառապատ տարածք է։
Այդ ժամանակ հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ Ձեզ չի՞ անհանգստացրել ծառապատ հողամասի վաճառքի փաստը։
Նշված հասցեում կառուցապատում եք իրականացրել․ արդյո՞ք հնարավոր չէր շինարարությունն անել առանց ծառահատման։

Սեպտեմբերի 23-ին ուղարկված մեր հարցերին Սասուն Խաչատրյանը չի պատասխանել։ Նրա ղեկավարած իրավաբանական գրասենյակից հնարավոր չեղավ պարզել՝ մեր հարցմանը կպատասխանի Խաչատրյանը, թե ոչ։