«Կոկորդիլոսագետ» ՔՊ-ական Գարիկ Սարգսյանից հետո Վեդի համայնքի կառավարումն անցել է մեկ այլ ՔՊ-ականի՝ Ռաֆայել Հակոբյանի ձեռքը, ով օգոստոսի 11-ին ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, եւ քվեարկության արդյունքում՝ 15 կողմ ձայնով ընտրվել է Վեդի համայնքի ղեկավար:
Հրապարակ թերթը գրել է․ Հակոբյանը օգոստոսի 14-ին եւս ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ երդմնակալության արարողությունն է կայացել։ Նա Վեդի համայնքի համայնքի բնակիչներին երդում է տվել, որ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս կպահպանի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի համայնքի ղեկավարի պարտականությունները, կծառայի համայնքի բարգավաճմանը, կգործի ի բարօրություն բնակիչների․․․անմնացորդ նվիրումով կսատարի ժողովրդի հավատին, կնպաստի նրա նյութական և հոգևոր վերելքին:
Իհարկե՝ երդվելը մի բան է, երդումը պահելը՝ մեկ այլ բան: Համայնքապետի երդմնակալության օրը, հրավիրված ավագանու արտահերթ նիստին «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու 11 անդամները ներկա չէին, իսկ ՔՊ-ի 16 ավագանու անդամներից ներկա էին 11-ը: Օրենքն ասում է՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է, կամ գրանցվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Գարիկ Սարգսյանի երդմնակալության օրը հրավիրված ավագանու նիստին ներկա էին ՔՊ-ական 16 ավագանու անդամները, եւ քվորումն ապահովվել էր: Այս անգամ ավագանու նիստին ներկա էր Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, ում «քավորությամբ»՝ առանց քվորում ապահովելու տեղի ունեցավ ավագանու նիստը: Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանին հարցրինք՝ որքանո՞վ էր իրավաչափ օգոստոսի 14-ին կայացած նիստը, երբ 27 ավագանու անդամներից նիստին ներկա էին ընդամենը 11-ը. «Դա օրենքի ուժով հրավիրվող նիստ է, սովորական նիստ չի, որ մի հատ էլ նայեք իրավազորության հետ կապված: Մի հատ իրավիճակ ներկայացնեմ Ձեզ՝ ՏԻՄ օրենքի 74 հոդվածի 1 կետն ասում է, որ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո 3-րդ օրը համայնքի ղեկավարը երդման արարողությամբ ստանձնում է լիազորությունները: Այլ բացառություններ օրենսդրությունը, կամ այլ կարգավորումներ չի նախատեսել, հետեւաբար պարտավոր էր 3-րդ օրը, որը օրենքի ուժով հրավիրվել էր, երդումը տար ու պաշտոնապես ստանձներ իր լիազորությունները, հակառակ դեպքում՝ ենթադրենք լիազոր չի լինում նիստը, ի՞նչ ա ստացվում՝ պետք է երդվի եւ իր լիազորությունները չստանձի՞»:
Ըստ ՏԻմ օրենքի 74 հոդվածի 2 կետի՝ համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով, դա նշանակում է, որ պետք է քվորում ապահովվի: Օգոստոսի 11-ին ավագանու արտահերթ նիստին, երբ համայնքի ղեկավար էր ընտրվում, քվորում ապահովվել էր, այս դեպքում՝ չի ապահովվել, եթե այդ օրը ներկա լիներ ավագանում ոչ թե 11անդամ, այլ՝ 2-ը, այդ դեպքում էլ՝ նիստն իրավաչա՞փ կհամարեիք. «Դա օրենքի ուժով հրավիրված չի եղել, դա համայնքի ղեկավարի պարտականություները կատարողի նախաձեռնությամբ հրավիրված նիստ է եղել: Այս դեպքում Ձեր ասած իրավաչափության խնդիրը ճիշտ է, պետք է պարտադիր քվորումը ապահովվեր: Իսկ այս դեպքում օրենսդիրը ՏԻՄ-ին, ավագանուն այլ իրավունք չի վերապահել՝ իրավազոր չլինելու հիմքով տեղափոխել նիստի օրը, կամ այլ ժամկետ նշանակել: Ենթադրում եմ, որ օրենսդրական բաց կա այս մասով, կարծում եմ լիազոր մարմինը հետագայում հաշվի կառնի, համապատասխան փոփոխություն կկատարեն:
Օրենքով տրված է, որ 3-րդ օրը մենք պարտավոր էինք օրենքով այդ գործընթացը ապահովել, հակառակ դեպքում՝ ունենք ընտրված համայնքի ղեկավար, բայց վերջինս իր պարտավորությունները չի ստանձնում, ինչ ա որ ավագանին իրավազորությո՞ւն չի ապահովում»-ասաց աշխատակազմի քարտուղարը: Ի դեպ՝ խոսակցություններ կան, որ Գարիկ Սարգսյանը, ով 2022 թ․-ից Վեդի համայնքն էր ղեկավարում, ԱԺ գնալու մտադրություն չի ունեցել: Ասում են, նա պլանավորել էր դառնալ «մեգահամայնքապետ»՝ իր ձեռքը վերցնելով Վեդի եւ Արարատ քաղաքների կառավարումը: Իսկ ավագանու նիստին որոշ ՔՊ-ականների չմասնակցելը եւ քվորում չապահովելը կապված է Գարիկ Սարգսյանի վերադարձի հետ: Չի բացառվում, որ երբ ընտրություններ նշանակվեն, Գարիկ Սարգսյանը մասնակցի Արարատ և Վեդի խոշորացված համայնքների ընտրություններին:
Հիշեցնենք, որ առաջիկայում նախատեսվում է միավորել Արարատի մարզի ներկայիս Արարատ և Վեդի խոշորացված համայնքները՝ ձևավորելով մեկ միասնական «Արարատ» մեգահամայնք:


Բաց մի թողեք
Մի պահ ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, մեկ էլ թե՝ Ազգային ժողովը սկսել ա՜․․․
Թողեք՝ Գարիկը որքան ուզում է թքելու մասին խոսի
Երկրորդում՝ Էդգար Ղազարյանին