Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լայենը նախօրեին բավականին ուշագրավ ելույթ է ունեցել, որը կարծես թե դուրս է մնացել հայաստանյան լրահոսից։ Ելույթն իհարկե ուղիղ չի վերաբերում Հայաստանին կամ Կովկասին, սակայն վերբերում է ԵՄ համար առանցքային, հիմնարար թեմայի, որը իր մասշտաբով իհարկե նշանակալիություն է ենթադրելու ավելի լայն համատեքստում։
Ֆոն Դեր Լայենը խոսել է ԵՄ քաղաքացիների՝ բանկերում ունեցած մոտ տասը տրիլիոն եվրոյի ավանդի, եւ այդ ավանդը բանկերում «քնած» վիճակից դեպի ներդրումային տրամաբանություն բերելու անհրաժեշտության մասին։ Սա հիմնարար նշանակության հարց է, որը ենթադրում է ԵՄ–ում ֆինանսատնտեսական կառուցվածքի լայն վերաձեւում, եթե իհարկե այդ մտադրությունը վերածվի քաղաքականության։
Ֆոն Դեր Լայենի բարձրաձայնածի միտքը այն է, որ ավանդը բանկում «քնած» է, եւ այն պետք է վերածել այսպես ասած ներդրումային ռեսուրսի՝ ուղղել ներդրումային ֆոնդեր, բաժնետոմսերի շուկա։ Եվրահանձնաժողովի նախագահը կարծում է, որ այդպես հնարավոր է եվրոպական տնտեսության համար ապահովել տարեկան լրցուցիչ մոտ 500 միլիարդ եվրոյի ներդրումային ռեսուրս։
Իսկ ԵՄ մասնագետները հաշվել են, որ աշխարհաքաղաքական եւ ռազմա–քաղաքական կենսունակության համար ԵՄ–ին անհրաժեշտ է մինչեւ 2030 թվականը ապահովել տարեկան մոտ 800 միլիարդ եվրոյի ներդրում։
Ըստ էության, Եվրահանձնաժողովի նախագահի արտահայտած մտադրությունը խորապես վերաձեւելու է ԵՄ ֆինանսական հոսքերի, կառուցվածքի, սխեմաների տրամաբանությունը, ինչը ենթադրելու է գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության փոփոխություն, ըստ այդմ՝ պայքար հնարավորինս նոր դասավորության համար։ Ընդ որում, եթե խոսքը վերաբերում է մեծ փողերին, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու պայքարը այդ փողի հոսքը կառավարելու, այդ հոսքի նոր սխեմաներում առանցքային դեր ունենալու համար։
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
Փաշինյանը երկրի վիճակը բացատրում է ապաքաղաքական կատեգորիաներով
Կգործի՞ պատերազմով վախեցնելու հնարքը
Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում