31/08/2026

EU – Armenia

Ինչու հենց հիմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները որոշ դեպքերում նպաստում են Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։

Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը։

Ասուլիսի ընթացքում Գրիգորյանը նշել է, որ Արցախի չորս նախագահներից երեքը ներկայումս գտնվում են Բաքվում կալանավորված վիճակում, իսկ Ռոբերտ Քոչարյանը պահվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում։ Պատգամավորի գնահատմամբ՝ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ։

Նրա խոսքով՝ հետընտրական շրջանում, երբ իշխանությունն արդեն ձևավորված է և հնարավորություն ունի իրականացնելու իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, անհրաժեշտություն չկա նախկին նախագահի նկատմամբ նման քայլերի դիմելու։ Գրիգորյանը հարցադրում է արել, թե ինչու է իշխանությունը հենց այս փուլում որոշել կալանավորել Քոչարյանին՝ ընդգծելով, որ առաջիկայում Հայաստանի և հայ հասարակության համար կարող են ի հայտ գալ լուրջ փորձություններ։

Պատգամավորը որպես հնարավոր մարտահրավերներից մեկը նշել է Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բնակավայրի համար օգտագործում է ադրբեջանական «Քյարքի» անվանումը։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջին՝ այն դիտարկելով որպես Հայաստանի առջև ծառացած կարևորագույն քաղաքական խնդիրներից մեկը։