03/09/2026

EU – Armenia

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն. Ուրանը, կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանում արդեն վեց ամիս շարունակվող ռազմական պայմանները եւ առանց այդ էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակի ավելի վատթարացումը իշխանությունների մոտ մտավախություն է առաջացրել, որ կարող է բողոքի նոր ալիք սկսվել, կամ կարող է առաջանալ սոցիալական բունտ Իսլամական Հանրապետությունում։

Մտավախությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ երկրի ողջ տարածքում առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների կայուն եւ հարաճուն գնաճ, ազգային արժույթի շարունակական գնանկում, ավելանում է գործազրկությունը, շարունակվում է աճել արտաքին ճնշումը, սիստեմատիկ կերպով վատանում է շարքային քաղաքացիների ապրելակերպը։

Պաշտոնյաների հայտարարություններից կարելի է հասկանալ, որ Իրանի տնտեսական մեկուսացման եւ ծովային բլոկադայի ԱՄՆ վարած քաղաքականությունը սկսել է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա, ավելի մռայլացնելով սոցիալ-տնտեսական պատկերը Իրանում, ասված է ընդդիմադիր իրանական մեդիա-ռեսուրսների հրապարակումներում։

Իրանը ուրանի հարստացում չի իրականացնում Քոլանգ-Զազ-Լա լեռան տարածքում։ Թեհրանն այնտեղ միջուկային օբյեկտ չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշման մասին, կապված այդ հարցի հետ, հաղորդվել է նաեւ ՄԱԳԱՏԷ ղեկավար Ռաֆայել Գրոսին։Բաղային նաեւ ասել է, որ Գրոսիի արձագանքը հաստատում է Թեհրանի դիրքորոշման հավաստիությունը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ասել է, որ Թեհրանը շարունակում է շփումներ ունենալ ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Սակայն բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի հարցով, ներկայումս չեն ընթանում։ Այս կերպ Թեհրանը հակադարձել ու հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին առ այն, թե Թեհրանը Քոլանգ-Ղազ-Լա լեռան տարածքում միջուկային գործունեություն է իրականացնում։

Իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը, պարզվել է, որ նախապատրաստած է եղել Իրանում իշխանափոխություն իրականացնելու ծրագիր, որը կոչվել է «Կոշկավոր կատու»։ Այս մասին հայտնում է իսրայելական 13-րդ ալիքը։ Պլանը մշակվել է 25 թվականի 12-օրյա պատերազմից հետո։ Հավանություն է տվել ծրագրին «Մոսադի» այն ժամանակվա ղեկավար Դավիթ Բարնեին։

Պլանի առանցքային բաղադրիչներից է եղել քրդական զինված խմբավորումների վրա ներազդումն ու նրանց իրանական տարածք տեղափոխությունը։ Նախապատրաստական փուլի ընթացքում հազարավոր քուրդ զինյածներ, ենթադրաբար ուղարկվել են Իսրայել, որտեղ անցել են հատուկ պատրաստություն՝ տարատեսակ օպերատիվ սցենարների համար։

Հրապարակման մեջ խոսվում է նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասին։ Նա դիտարկվել է որպես ապագա քաղաքական կոմբինացիաների մասնակից այն պարագայում, երբ հնարավոր լիներ հասնել իշխանափոխության Իսլամական Հանրապետությունում։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակ խորհրդակցություններում Ահմադինեջադին բնորոշել են որպես «բարեկամի»։ Այնուհանդերձ, նախապատրաստական փուլի ընթացքում ԱՄՆ դիրքորոշումը փոփոխվել է եւ արդյունքում՝ պլանը ձախողվել ու փակվել։