03/09/2026

EU – Armenia

Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում

Հայաստանը նախատեսում է 80 մլն եվրոյի վարկ ներգրավել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի և հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը։

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հուլիսին։ Փաստաթղթով նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանում մի շարք տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են փոփոխություններ ներդրումային և մաքսային ոլորտներում, միջոցառումներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև թվայնացման և կիբեռանվտանգության զարգացման ծրագրեր։

Բարեփոխումների օրակարգում ներառված են նաև բնապահպանական ուղղություններ։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել կլիմայական օրենսդրությունը, բարելավել արտանետումների կառավարման համակարգը և ուժեղացնել օդի որակի վերահսկողությունը։

Վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է։ Ֆինանսավորման մարման ժամկետը սահմանվել է 18 տարի, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատված է։ Վարկի մայր գումարի մարումները նախատեսվում է իրականացնել 2031 թվականի հուլիսի 15-ից մինչև 2044 թվականի հունվարի 15-ը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Հայաստանին տրամադրվող վարկային միջոցները պետք է ամբողջությամբ օգտագործվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։