05/09/2026

EU – Armenia

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Միացյալ Նահանգները մտադիր է եվրոպական երկրներից հետ պահանջել այն գումարները, որոնք նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծախսել է Ուկրաինային աջակցելու համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուկրաինային ու ՆԱՏՕ-ին անհատույց տրամադրվել են միլիարդավոր դոլարներ, որը Եվրոպան կվճարեր, եթե միայն խնդրեին, սակայն մենք պահանջելու ենք այդ գումարները, թեկուզեւ որոշ ուշացումով»,- գրել է Թրամփն իր սոցկայքի էջում։

Թրամփը նաեւ ասել է, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինային ավելի շատ սպառազինություններ է տվել, քան իր վարչակազմը ծախսել է Իրանի դեմ պատերազմում։ Թրամփը շեշտել է, որ վատն այն է, որ այդ մատակարարումները կատարվել են անհատույց կերպով։

Իրանի հետ Միացյալ Նահանգները չի բանակցի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը շարունակում է հարվածել առեւտրային նավերին։ Միաժամանակ, Վաշինգտոնը չի բացառում, որ կարող է գաղտնի գործողություններ իրականացնել Իրանի դեմ՝ իրավիճակի ապակայունացման համար, որպեսզի ավելացնի ճնշումը Թեհրանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ լրագրողների հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ժամանակ։ Վենսը, այդուհանդերձ, զերծ է մնացել կոնկրետացնելուց, թե ինչ գաղտնի գործողությունների մասին է խոսքը, կամ առաջիկայում ինչ հնարավորություններ կարող են լինել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում, քանի որ կոնկրետացումը կարող է սահմանափակել նախագահի մանեւրայնությունը։ Միայն նշել է, որ տարբերակները բազմաթիվ են՝ տնտեսական ճնշում, ռազմական, դիվանագիտական ճնշում կամ քողարկված գաղտնի ճնշման գործիքների կիրառում եւ այլն։ Թե կոնկրետ որ գործիքը կընտրի, արդեն նախագահ Թրամփի իրավասությունն է՝ ասել է փոխնախագահ Վենսը։