Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միավորման հնարավորությունը, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում երկու երկրներին փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնել և վաճառել։
Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ առկա ենթակառուցվածքների գնահատումը ցույց է տվել, որ համեմատաբար սահմանափակ ֆինանսական ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի դրանք պատրաստել շահագործման։
Նմանատիպ մոտեցում է քննարկվում նաև Կարս-Գյումրի ենթակառուցվածքի գործարկման հարցում։ Դրա միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա ներմուծել Թուրքիայից կամ, հակառակը, արտահանել այնտեղ՝ կախված արտադրության և սպառման ծավալներից։
Խուդաթյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ պահանջարկի պատկերը կարող է էապես փոխվել առաջիկա տարիներին։ Եթե նախկինում երկիրը հիմնականում էլեկտրաէներգիայի ավելցուկ ուներ, իսկ որոշ սեզոններին ստիպված էր այն գնել Վրաստանից, ապա այժմ իրավիճակը կարող է փոխվել՝ արհեստական բանականության ոլորտի համար նախատեսված գործարանների և դրանց էներգասպառման աճի պատճառով։
Նախարարի գնահատմամբ՝ նոր արտադրական հզորությունների պահանջարկը կարող է այնքան մեծանալ, որ Հայաստանի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը սպառվի։ Այդ պայմաններում հարևան երկրներից էլեկտրաէներգիա ձեռք բերելու անհրաժեշտությունը չի բացառվում։
Էներգետիկ համակարգերի հնարավոր փոխկապակցումը, այսպիսով, դիտարկվում է որպես միջոց՝ ավելի ճկուն դարձնելու էլեկտրաէներգիայի փոխանակումը և արձագանքելու ապագա պահանջարկի փոփոխություններին։

Բաց մի թողեք
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
Ինչու չեն եկել Ադրբեջանից. Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, ճագարների կեր է արտադրում