Ադրբեջանցի լրագրող, «Էխո Բաքու» նախագծի հեղինակ Մովսուն Հաջիևի գրառումը նորից օրակարգ է բերում 2020 թվականի պատերազմի ամենակարևոր հարցերից մեկը՝ Մոսկվայի իրական դերը։
Հայկական քաղաքական դաշտում տարիներ շարունակ շրջանառվում է մի պատմություն, ըստ որի՝ Պուտինը կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն Փաշինյանը մերժեց նրա առաջարկը։ Այս վարկածը պարտության ամբողջ պատասխանատվությունը բարդում է Փաշինյանի վրա՝ ստվերում թողնելով պատերազմի վճռորոշ հանգամանքները՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը, Մոսկվայի չմիջամտելու հաշվարկը և Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման ռուս-թուրքական շահերը։
Հաջիևի պնդմամբ՝ Ադրբեջանի ռազմական հաջողության գործում վճռորոշ է եղել Անկարայի դերակատարությունը։ Թուրք մասնագետները ադրբեջանական բանակին նախապատրաստել են լեռնային մարտերի, գեներալները մշակել են պատերազմի ծրագիրը, իսկ Թուրքիայի ղեկավարությունը Մոսկվայի հետ պայմանավորվել և վեց շաբաթ շարունակ ապահովել է Ռուսաստանի չմիջամտությունը։
Թուրքիան Ադրբեջանին տրամադրել էր ժամանակակից սպառազինություն, ռազմական մասնագետներ, հետախուզական աջակցություն և քաղաքական հովանավորություն։ Պատերազմի արդյունքներով Անկարան զգալիորեն ընդլայնեց իր ռազմական և քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում։
Մոսկվայի դիրքորոշումը պակաս ուշագրավ չէր։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էր, այստեղ ուներ ռազմաբազա և տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորի դեր էր ստանձնել։ Սակայն պատերազմի վեց շաբաթների ընթացքում այդ պարտավորություններն ու ազդեցության լծակները չկանխեցին հայկական կողմի ռազմական պարտությունը։ Կրեմլը շարունակում էր միջնորդական ջանքերն ու բանակցությունները, իսկ ադրբեջանական բանակն առաջ էր շարժվում՝ փոխելով պատերազմի ընթացքն ու տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը։
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը խախտվեց, իսկ դրան հաջորդած փորձերն արդյունք չտվեցին։ Պատերազմը շարունակվեց, և Ռուսաստանը պահպանեց իր ազդեցությունը վերջնական կարգավորման պայմանների ձևավորման վրա։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի հոկտեմբերի 19-ի բանակցությունների դրվագը։ Պուտինի պնդմամբ՝ Ալիևը համաձայնել էր դադարեցնել պատերազմը, սակայն Փաշինյանը մերժել էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։ Փաշինյանի ներկայացրած մանրամասներն այլ պատկեր են տալիս։ Նրա խոսքով՝ Երևանը պատրաստ էր ընդունել ռուսական նախնական առաջարկը, սակայն Բաքուն լրացուցիչ պահանջներ էր առաջադրել՝ բոլոր յոթ շրջանների հանձնում, Շուշիի վերաբերյալ երաշխիքներ։ Քննարկումներում հայտնվել էր նաև Մեղրիով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման ու այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։
Պատերազմի ամբողջ պատասխանատվությունը մեկ հեռախոսազրույցի վերագրելը քննարկումից դուրս է թողնում Մոսկվայի դերը։ Ինչո՞ւ Ռուսաստանը չապահովեց իր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարների պահպանումը։ Ի՞նչ հաշվարկով Կրեմլը հանդուրժեց Թուրքիայի ռազմական և քաղաքական ազդեցության կտրուկ աճը Հարավային Կովկասում։
Պատասխանը հուշում է ռուս-թուրքական հարաբերությունների նախորդ տարիների տրամաբանությունը։ Սիրիայում և Լիբիայում Մոսկվան ու Անկարան, չնայած ռազմական հակասություններին, կարողանում էին բանակցությունների միջոցով համաձայնեցնել իրենց շահերն ու ազդեցության գոտիները։ Հարավային Կովկասում ևս նրանք գործեցին այդ տրամաբանությամբ՝ պատերազմի արդյունքները ծառայեցնելով տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդմանը։
Պատերազմի արդյունքում Թուրքիան զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ խաղաղապահ զորախումբ տեղակայեց Ղարաբաղում և ազդեցության նոր լծակներ ստացավ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Անկարան առաջ մղեց Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի հետ կապերն ընդլայնելու իր ծրագիրը, Մոսկվան փորձեց պահպանել վերահսկողությունը ռազմավարական տրանսպորտային ուղիների նկատմամբ։ Այս աշխարհաքաղաքական ու տնտեսական վերադասավորման ծանրագույն գինը վճարեց Հայաստանը՝ ռազմական պարտությամբ և անվտանգության խորացող ճգնաժամով։
2023 թվականի սեպտեմբերը վերջնականապես ցույց տվեց ռուսական անվտանգության երաշխիքների իրական արժեքը։ Ռուս խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանը ռազմական օպերացիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Երեք տարի առաջ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հավակնություն ունեցող համակարգի ձախողման ամենածանր վկայությունը դատարկված Արցախն է։
Պուտինի առաջարկը մերժելու մասին պատումը ձեռնտու է Կրեմլին։ Այն Մոսկվային ազատում է սեփական դերակատարության շուրջ ծանր հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից՝ պարտության ամբողջ պատասխանատվությունը բարդելով Հայաստանի իշխանության վրա։
Հայաստանի իշխանությունների ռազմական, դիվանագիտական և քաղաքական որոշումները պետք է ենթարկվեն խիստ քննության։ Նույնքան կարևոր է պարզել Մոսկվայի իրական դերակատարությունը, Անկարայի հետ հնարավոր պայմանավորվածությունները և պատերազմի ընթացքում Կրեմլի հետապնդած շահերը։ Այս հարցերի պատասխաններն անհրաժեշտ են 2020 թվականի պատերազմի ամբողջական պատկերը հասկանալու համար։
Հաջիևի գրառումը կարևոր է հենց այս տեսանկյունից։ Ադրբեջանցի լրագրողը ռազմական հաղթանակի առանցքային գործոններ է համարում Թուրքիայի մասնակցությունն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումը։ Մինչդեռ Հայաստանում դեռ շարունակում են Պուտինին ներկայացնել որպես պատերազմը կանգնեցնել փորձած փրկչի՝ անտեսելով Մոսկվայի իրական դերն ու պատերազմի խորքային աշխարհաքաղաքական պատճառները։
2020 թվականի ամենածանր դասը վերաբերում է Հայաստանի անվտանգության հիմքերին։ Տասնամյակներ շարունակ երկիրն իր ռազմավարական անվտանգությունը կապել էր Ռուսաստանի հետ։ Պատերազմը բացահայտեց այդ կախվածության գինը։ Մոսկվան առաջնորդվեց սեփական շահերով, Անկարան ամրապնդեց իր դիրքերը, իսկ Հայաստանը կրեց ռազմական պարտության և անվտանգության համակարգի փլուզման ծանր հետևանքները։
Հայաստանի անվտանգության ապագան պահանջում է սեփական պաշտպանական կարողությունների հզորացում, արտաքին հարաբերությունների բազմազանեցում և ռազմավարական որոշումների ինքնուրույնություն։ Անկախ պետության անվտանգությունը չի կարող կախված լինել մեկ այլ երկրի քաղաքական հաշվարկներից։ 2020 թվականին Հայաստանն այդ ճշմարտության համար չափազանց ծանր գին վճարեց։

Բաց մի թողեք
Հին կախվածությունը պարզապես նոր դիվանագիտական անուն կստանա
Կրեմլի հաշվարկում ցուրտն արդեն ռազմական նշանակություն է ստացել
Ֆրանսիայում սոցիալական լարվածությունը և Մակրոնի պարտությունը