ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը հայտնվել է դիվանագիտական փակուղում։ Հոկտեմբերի 16-ի նախնական քվեարկության ժամանակ բոլոր յոթ թեկնածուները ստացել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներից առնվազն մեկի դեմ ձայնը։
Առաջատարը Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Ռեբեկա Գրինսպանն է՝ ինը կողմ և հինգ դեմ ձայնով։ Նրա թեկնածությանը դեմ են արտահայտվել վետոյի իրավունք ունեցող երկու պետություններ։ Նույն խոչընդոտին են բախվել Ռաֆայել Գրոսին և Կարոլին Ռոդրիգես-Բիրկեթը։
Associated Press-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը վերապահումներ ունի բոլոր յոթ թեկնածուների նկատմամբ։ ԱՄՆ-ն պահանջում է ՄԱԿ-ի կառավարման համակարգի արմատական վերափոխում և կազմակերպության գործունեության կենտրոնացում միջազգային անվտանգության խնդիրների վրա։
Քվեարկությունը բացահայտել է գլխավոր հակասությունը։ Թեկնածուն կարող է ունենալ խորհրդի մեծամասնության աջակցությունը, սակայն նրա ընտրությունը կարող է կասեցնել մշտական անդամներից ցանկացածը։ Այդ պայմաններում գլխավոր քարտուղարի ընտրությունը վերածվում է խոշոր տերությունների քաղաքական սակարկության։
Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Հաջորդ քվեարկությունը նախատեսված է եկող շաբաթ։ Քննարկվում է նաև նոր թեկնածուների առաջադրումը։ ՄԱԿ-ի ապագա ղեկավարի հարցը շարունակում է կախված մնալ Վաշինգտոնի, Մոսկվայի, Պեկինի, Լոնդոնի և Փարիզի համաձայնությունից։

Բաց մի թողեք
Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը. Լուսանկար
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում