Ադրբեջանում դեռևս չեն հանդարտվել հանրային հուզումները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի հետ կապված: Հիշեցնենք, որ պահպանողական մուսուլման ադրբեջանցիների հոգու անդորրը խանգարել էր այս տարվա սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետի ընդունած թիվ 309 որոշումը, որով փոփոխություններ պիտի կատարվեին պետական դպրոցների համազգեստի կանոններում։
Որոշման մեջ հիջաբ բառն ուղղակիորեն չի հիշատակվում, ասվում է․ արգելվում են «հավելյալ հագուստի տարրերը, որոնք խախտում են համազգեստի միասնականությունը կամ հակասում են հանրակրթության աշխարհիկ բնույթին»:
Հետաքրքիր է, որ որոշումը սկսում են կիրառել դրա ընդունումից գրեթե անմիջապես հետո՝ հոկտեմբերի սկզբին դպրոցների տնօրենները թույլ չեն տալիս հիջաբ կրող աղջիկներին մտնել դպրոց և նրանց հետ են ուղարկում, ինչը զայրացնում էր նրանց պահպանողական ծնողներին: Արցախի դեմ պատերազմին մասնակցած ադրբեջանցիները տեսանյութերում ցույց էին տալիս իրենց ստացած մեդալներն ու հայտարարում էին, որ հրաժարվում են դրանցից, քանի որ իրենց 5-6-7 տարեկան աղջկան հետ են ուղարկել տուն՝ հիջաբ կրելու համար:
Հոկտեմբերի 6-ից հանրային դժգոհությունները վերածվեցին մասսայական ցույցերի ու բողոքի ակցիաների: Բանը հասել է նույնիսկ ավտոմեքենաներ հրկիզելուն, օրինակ Բաքվի Գարադաղի շրջանում ցուցարարները հրկիզել էին դպրոցի տնօրենի անձնական ավտոմեքենան, ընդ որում՝ դեպքի պահին մոտակայքում երեխաներ են եղել, սակայն դա չի կանգնեցրել գազազած ցուցարաներին: Ապշերոնի շրջանի Մասազիր ավանում միանգամից 4 ավտոմեքենա էին հրկիզել։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն է փորձել կանխել նման դեպքերը: Փորձել են նաև դպրոց հրկիզել, ցուցարարները քարերով կոտրել են դպրոցների պատուհանները: Բախումներ են գրանցվել մարդկանց ու դպրոցների անձնակազմերի միջև Բաքվի տարբեր թաղամասերում, և ադրբեջանական ոստիկանությունը կիրառել է բռնի ուժ: Պաշտոնական տվյալներով 37 հոգի է ձերբակալվել, իսկ www.dw.com-ի աղբյուր հանդիսացող իրավապաշտպաններն ասել են, որ իրականում ձերբակալվածների թիվն անցնում է 200-ը:
Հիջաբի սահմանափակումների դեմ ամենաթեժ և զանգվածային բողոքի ցույցերը կայացել Բաքվի արվարձանային, ավանդական-կրոնական բնակավայրերում (գյուղերում) և երկրի հարավային շրջաններում՝ ըստ https://www.bbc.com/-ի տեղեկատվության: Բաքվի արվարձաններում՝ Ապշերոնի թերակղզու Բալախանի, Մաշտաղայի, Մասազիրի, Գարադաղի և Յասամալի շրջաններում է իրավիճակը հատկապես լարված եղել, ցույցեր եղել են Սումգայիթում: Լարված է եղել իրավիճակը նաեւ հարավային հատվածում, որտեղ հիմնականում շիա մուսուլմաններ են բնակվում, որոնք կարող են նաև Իրանի ազդեցության տակ լինել: Խոսքը մասնավորապես Մասալիի ու Լենքորանի մասին է, որտեղ նախկինում էլ կրոնական հողի վրա բախումներ եղել են: Հետաքրքիր է, որ այս ցույցերի ֆոնին Ադրբեջանում ինտերնետ կապի հաճախակի ընդհատումներ են եղել, իսկ Tik Tok-ն ու Instagram-ն արգելափակված են, դրանցից ադրբեջանցիները կարող են օգտվել միայն VPN-ի միջոցով:
Հայ Առաքելական եկեղեցու դեմ մարտնչող կրոնական առաջնորդը՝ Փաշազադեն, Real TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կրոնական ուղղվածություն ունեցող դպրոցներում աղջիկ աշակերտները հիջաբ են կրում, սակայն պետական դպրոցներում բոլոր աշակերտները պետք է ենթարկվեն՝ միասնական համազգեստ կրելու որոշմանը և հավելել էր, որ Ադրբեջանում հիջաբ կրելու արգելք չկա: Դժվար է պատկերացնել մուսուլման հոգևոր առաջնորդի, որը դեմ չի խոսում հիջաբն արգելելու որոշմանը, որը կրոնական մոլեռանդության դրսեւորում է: Պարզ է, որ Փաշազադեն պալատական սովորական վեզիր է՝ հոգևոր առաջնորդ չէ, այլ Ադրբեջանի իշխանությունների մաս է կազմում։
bbc.com-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ Բաքվի դպրոցներից մեկում ոչ միայն պահանջել են առանց հիջաբի գալ դպրոց, այլ որոշ տղա աշակերտների պահանջել են սափրել իրենց մորուքները: Ինչ վերաբերում է 2 հայտնի սոցհարփթակների արգելափակմանը, Ադրբեջանում շատերը դա կապում են այս ցույցերի առանձնահատկության հետ՝ ի պաշտպանություն հիջաբի ցույցերին Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում էին երեխաներ: Սա է նման որոշման պատճառը: Իսկ Ալիևի որոշմանը կողմ արտահայտվողները պնդում են, որ այս որոշումը Ադրբեջանի ինքնիշխանությունը պահպանելու և դրսից ցանկացած միջամտության հակազդելուն ուղղված քայլ է: Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս նման ակնարկ արել էր՝ Ադրբեջանի վրա դրսից ազդելու փորձերի մասին: Ադրբեջանում լուրեր են տարածվում, որ դրսից ազդող ուժ ասելով, Ալիեւը հենց Թուրքիային նկատի ունի: Նկատենք, որ Էրդողանը մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալու բազմամյա «երազանքով» է տառապում, ու ստանձնել է աշխարհի մուսուլմանների իրավունքի պաշտպանի դերը եւ պարբերաբար հանդես է գալիս աղջիկների ու կանանց՝ հիջաբ կրելու պաշտպանության օգտին: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևը «կծում է» Արցախյան հարցում իրենց այդքան աջակցած Թուրքիայի, այսինքն, Էրդողանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի առաջ բազմամարդ ցույց եղավ՝ հիջաբ կրելու որոշման դեմ, իսկ ցուցարարները վանկարկում էին՝ Ալիև բռնապետ ու նման բովանդակությամբ պաստառներ էին կրում: Ցույցեր տեղի ունեցան նաև Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանատան առաջ: Հիջաբի կրման հետ կապված արգելքի որոշումը Eurasianet-ի բնորոշմամբ վեճի պատճառ է դարձել՝ կռվախնձոր: Eurasianet-ը գրում է․ «35 տարվա սերտ դաշնակիցներ հանդիսացող Ադրբեջանն ու Թուրքիան դիվանագիտական վեճի մեջ են հայտնվել՝ Ադրբեջանի կառավարության կողմից հանրային դպրոցներում հիջաբ կրելն արգելելու որոշմամբ պայմանավորված: Վերջին շրջանում Ադրբեջանի կառավարությունը սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել Թուրքիայի կողմից: Միջպետական վեճի հրահրողներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օկտայ Սարալն էր: Հոկտեմբերի 12-ին նա քննադատել է Ադրբեջանում դպրոցական նոր հագուստի կանոնակարգը»:
Թուրքիայում Ադրբեջանի կողմից հակահիջաբային այս որոշումը նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների սերտացմամբ են պայմանավորում: Դե իսկ Թուրքիայի հետ տարաձայնությունները հասան այնտեղ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է թուրք լրագրող Ջելալ Չիֆթչիի նկատմամբ հեռակա քրեական հետապնդում սկսելու մասին՝ նրան մեղադրելով կրոնական էքստրեմիզմի և իշխանությունը տապալելու կոչերի մեջ՝ գրում է Press.lv լրատվականը։ Բնականաբար ադրբեջանական կողմը պատասխանել է Թուրքիայից եկող արձագանքներին: Օրինակ, Minval.az կայքում հրապարակված հոդվածում՝ «Турецкий обозреватель предупредил Анкару об опасности попыток диктовать свою волю Азербайджану» շեշտվում է, որ Անկարայի կողմից «ավագ եղբոր» դիրքերից հանդես գալու և սեփական կանոնները թելադրելու փորձերը միշտ հանդիպելու են դիմադրության, Ադրբեջանն ունի իր սեփական առաջնորդը՝ ի դեմս Իլհամ Ալիևի։ Այսինքն, հստակ ցույց են տալիս, որ իրենք են իրենց երկրի ներսում որոշում կայացնողները: Իսկ Report.az կայքը թուրքական կողմին առաջարկում է հարգել Ադրբեջանի սուվերեն որոշումները, ավելին՝ դրանք հարգելը բնական է ու պարտադիր, ինչպես օրինակ, Թուրքիայի սուվերեն որոշումներն ընդունելը ու հարգելը: Այսինքն, ադրբեջանցիները հարգանքի, իրենց ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններից զերծ մնալու դաստիարակչական դասեր են տալիս Էրդողանին: Բայց ամենահամարձակ ու հանդուգն քայլը Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Յենի Ադրբեջանի» (YAP)-ի հայտարարությունն էր, որտեղ կոշտ քննադատում են Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալիին եւ թուրքական կողմին կոչ անում հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Լուրեր կային, որ հիջաբի որոշման հետ կապված հերթական բողոքի ցույցը պիտի լիներ հոկտեմբերի 17-ին, սակայն դրանք տեղի չունեցան: Գրվեց, որ այդ ցույցի մասին տեղեկատվություն տարածել են անհայտ տելեգրամյան ալիքները, իսկ ցույցի գնալու կոչեր անող մի շարք բոլգերներ կամ ակտիվիստներ ձերբակալվել են: Այսինքն, իշխանությունները կոշտ վարչարարությամբ կանխում են բողոքի դրսեւորումները: Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ուժեղացված հսկողություն էին սահմանել հավանական հավաքատեղիներում: Amensty International-ը հղում անելով միջազգային զեկույցներին, նշում է, որ կոչերի տարածումը կանխելու նպատակով երկրում գրեթե ամբողջությամբ անհասանելի էին դարձել TikTok և Instagram հարթակները եւ վարչական կալանքի են ենթարկել սոցցանցերում ցույցերի կոչեր անող մի շարք անձանց, օրինակ՝ ակտիվիստ Գուդրաթ Աբդուլաևը TikTok-ում արված կոչի համար դատապարտվել է 25-օրյա վարչական կալանքի:
Ի վերջո, հիջաբի կրման արգելքը իսկապե՞ս Ալիևից Էրդողանին ուղղված ապտա՞կ էր, եւ Արցախի հայաթափման հարցում իրենց աջակցելու դիմաց երախտամոռության դրսեւորում, թե՞ դրսից ծրագրված ու Ալիևին իր տեղը դնելու փորձ, դեռևս հայտնի չէ: Բայց ավելորդ ոգևորվել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կվերածվեն ոչ բարեկամականի կամ նույնիսկ թշնամականի, լուրջ չէ: Այս ցույցերը վկայում են մի բանի մասին, որ նույնիսկ Արցախի բռնազավթումից քիչ անց Ալիևի, թվում է՝ պողպատե անսասան իշխանությունը սկսել է երերալ: Իսկ թե ովքեր էին դրսից այդ լարերը ձգողներն, այնքան էլ կարևոր չէ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է լինել հայատյացության օջախ: Ալիևը հիմա զբաղված է դժգոհության ալիքը մեղմելու, իր սասանված դիրքերը վերականգնելու գործով։ Կկարողանա՞ այդ խնդիրը լուծել, կերևա հետագայում։

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում