29/10/2026

EU – Armenia

Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան

Նոյեմբերի 1-ից մեր կյանքի եւս մի իրողություն է անցնելու պատմության գիրկը․ այլեւս հնարավոր չի լինի ստանալ թղթե կապույտ անձնագիրը, որը ձեռք բերելու համար ՀՀ քաղաքացին մինչ այս ընդամենը 1000 դրամ էր վճարում: Բացառություն են կազմելու «070» կոդով հին նմուշի անձնագրերը, որոնց տպագրությունն ու տրամադրումը դեռ կշարունակվեն։

Հրապարակ թերթը գրել է․ Մարդը, որը կցանկանա անձնագիր ունենալ եւ ճամփորդել, ստիպված է լինելու մոտ 40 հազար դրամ վճարել` նոր, կարմիր շապիկով կենսաչափական անձնագրի համար: Իսկ ով չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ, ստիպված է լինելու բավարարվել ID քարտով: Այսպես՝ նիկոլական Հայաստանում անձնագիրը դառնում է ճոխության առարկա, որը ոչ բոլոր քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ ունենալ:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կենսաչափական նոր անձնագրերի տրամադրման մի հրաշալի, դրախտային պայմաններ է խոստանում՝ առանց քաշքշուկի ու տանջանքների: Նախ՝ քաղաքացիները կարող են նոր անձնագիր ստանալ, երբ ցանկանան, սպասեն` մինչեւ հների ժամկետն ավարտվի, նոր դիմեն: Նոյեմբերի 1-ից էլ «ՀայՓաս» ընկերության 14 գրասենյակ է աշխատելու, որից երկուսը՝ «Երեւանմոլ» եւ «Մեգամոլ» առեւտրի կենտրոններում։ Գնում ես մոլ՝ կոշիկ ու հագուստ գնելու, ճանապարհին էլ մտնում ես անձնագիր «առնելու»։ Մինչեւ մարտ գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ Այստեղ կարելի կլինի ե՛ւ դիմել անձնագրի համար, ե՛ւ խորհրդատվություն ստանալ:

Նախարարը մի շարք առավելություններ է թվարկել՝ նոր կենսաչափական անձնագրերը սպասարկվելու են օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերում, անվտանգության բարձր մակարդակ ունեն, դրանց ներդրումը վիզաների ազատականացման ծրագրի մասն է։ Իսկ քաղաքացին դժգոհ է ու առաջին հերթին ՔՊ-ի առաջարկած բարձր գներից: Նախարարը խուսափում է կոնկրետ թվեր հնչեցնելուց եւ մշուշոտ ձեւակերպում է, թե «պետական շահույթ ներառված չէ»: Հավանաբար, չի ուզում մարդկանց ժամանակից շուտ շոկի մեջ գցել: Բայց ՖԲ օգտատերերը հաշվել են՝ մարդիկ նոր անձնագրերի դիմաց մոտ 40 հազար դրամ են վճարելու:
«Պարզվում է՝ եթե ուզում ես նոր անձնագիր, պարտադիր պետք է փոխես նաեւ քո վավերական ID քարտը նորով։ Չես կարող հինը պահել։ Իմ դեպքում պետությունն ինձնից վերցնում է ID քարտիս 7 տարվա վավերականությունը եւ փոխարենը տալիս նոր քարտ՝ ընդամենը 5 տարի ժամկետով։ Միանգամից մեծ ծախս. նոր անձնագիրը (28,650 դրամ) + նոր ID քարտը (5,950 դրամ) = 34,600 դրամ՝ հենց առաջին այցի ժամանակ»,- գրում է օգտատեր Արթուր Խաչատրյանը:

Անձնագիրը տալիս են 10 տարով, բայց նոր ID քարտի ժամկետը կրճատել են՝ դարձնելով ընդամենը 5 տարի։ Ու ստացվում է, որ 5 տարուց քարտդ ինքնաբերաբար անվավեր է դառնալու, ու ստիպված ես լինելու կրկին վճարել 5 հազար 950 դրամ` այն թարմացնելու համար։ «Եթե նոր կենսաչափական անձնագիրն իր չիպով արդեն պարունակում է իմ բոլոր տվյալներն ու մատնահետքերը, ինչո՞ւ եմ ես պարտադրված նաեւ առանձին ID քարտ գնել, այն էլ՝ 2 անգամ կարճ ժամկետով»,- հարցնում է քաղաքացին՝ եզրակացնելով, որ 10 տարվա կտրվածքով այս ծառայությունը մեկ քաղաքացու վրա կնստի 40 հազար 550 դրամ (նախկին 4 հազար դրամի փոխարեն), այսինքն՝ ծառայությունը փաստացի թանկացել է շուրջ 10 անգամ։ «Եվրոպական ստանդարտների» ու թվայնացման անվան տակ պետության պարտավորություններն ու մասնավոր կազմակերպության բիզնես շահույթը ֆինանսավորվելու են քաղաքացիների, այդ թվում՝ ցածր թոշակ ստացողների գրպանից։

Առհասարակ, անապահով խավը տուժելու է, պարզ է արդեն, որ այդ խավը բավարարվելու է թղթից անձնագրով: Եթե, ենթադրենք, ընտանիքում 3 անձ է, 120 հազար պետք է վճարեն նոր անձնագրերի համար: Եթե 5՝ 200 հազար: Եթե արցախցի ընտանիք է, ասենք` 4 հոգուց, ապա մեկ ամսվա բնակվարձի նպաստն ընտանիքն ամբողջությամբ պետք է ծախսի անձնագիր գնելու համար ու այդ ամիս ոչինչ չուտի կամ տանտիրոջը բացատրի, թե ինչու վարձը չի մուծում: Դե արի ու մի մտածիր, թե իշխանությունը քաղաքացուց փող քերելու, նորագույն տեխնոլոգիաների անվան տակ նրան կողոպտելու հերթական ձեւն է գտել:

Զրուցեցինք անձնագրային ծառայության մի նախկին աշխատակցի հետ, որը չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել` անունը հրապարակելով: Նա կարծում է, որ, իրոք, թանկ են նոր կենսաչափական անձնագրերը: «Այն ժամանակ` 2012 թվականին, որ ID-ների համակարգը դրվեց, այն ժամանակ էլ բիոմետրիկ անձնագիրը 25 հազար էր: Հաշվի առեք, որ 14-15 տարի է անցել, ինֆլյացիան էլ հաշվի առեք, ու այն ժամանակ մենք էինք տպում: Իսկ հիմա նրանք են անելու՝ արտասահմանյան ընկերությունը, իրենք անձնակազմ են պահելու, մուտքագրեն, տան, տեղի, տարածքի ծախսերը։ Այսինքն՝ որ էսպես նայում ես, իրոք, էդ 3000-ի թանկացումը մեծ չէ»:
Բայց պատկերացրեք՝ 3-4 հոգանոց ընտանիքի համար ինչ ծախս է: «Չեմ առարկում, եթե դուրս չի գնում, թող ID ստանա, ապրի` առանց անձնագրի: Ու, ընդ որում, եթե մեկ օրում, արագ ես ուզում ստանաս, ոնց որ թե մոտ 100 հազար է նստում»,- ասում է մեր զրուցակիցը:

Դժգոհություն է առաջացրել նաեւ նախարարի գրեթե մանկական խոստովանությունը, թե տարիներ շարունակ պետությունը քաղաքացիներից 25 հազարական դրամ է պոկել մի կենսաչափական անձնագրի համար, որը լիարժեք չի աշխատել, որը միջազգային օդանավակայանների ավտոմատացված անցակետերում չեն ճանաչել։ «Փաստորեն, տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին 25 հազար դրամով տրամադրվել են անձնագրեր, որոնք, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայել, մեծ հաշվով` առոչինչ կարգավիճակ են ունեցել: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդհանուր ինչ գումարի մասին է խոսքը: Եվ դրա համար որեւէ մեկը պատասխանատու չէ` չկա հարուցված քրեական գործ»,- նկատում է ՖԲ օգտատեր Կարեն Հեքիմյանը:

«Շոփինգ-բարեփոխման» հետեւում կանգնած «օտարերկրյա մասնավոր գործընկերը», որը տպագրելու է ձեւանմուշները, տիրապետելու է ՀՀ քաղաքացիների բոլոր տվյալներին, ֆրանսիական IDEMIA Identity & Security France մեգակորպորացիան է, որի համար «դուստր» ընկերություն են ստեղծել՝ «ՀայՓաս» ՓԲԸ անունով (HAYPASS)` իր «մոլային» գրասենյակներով: