Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի քննարկումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Newsweek ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում գրեթե բացահայտել է դաշինքի հետ հակասությունները:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալացումը ՆԱՏՕ-ին սպառնալիք չի դիտարկում, ինչից պարզ հասկացվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տրամագծորեն հակառակ տեսակետն ունի:
Մենք և Արևելք ենք, և Արևմուտք, մենք ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն ենք, բայց չենք կարծում, թե դա խանգարում է այնպիսի երկրների հետ դրական հարաբերություններ ունենալու մեր հնարավորությանը, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը: Մենք Շանհայի համագործակցության կազմակերպությունը ՆԱՏՕ-ի այլընտրանք չենք դիտարկում,- ասել է Թուրքիայի նախագահը: Նրա կարծիքով, ընդհակառակը, նման կապերը նպաստում են խաղաղության ամրապնդմանը:
Էրդողանն, իհարկե, դարձյալ իր տարերքի մեջ է, բայց չափազանց ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանն այդ երկրի անդամակցության համար խնդրահարույց է գնահատում, նույնիսկ՝ ՇՀԿ կազմավորման հիմնարար փաստաթղթերին հակասող:
Ավելի վաղ, ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ գրեթե համարժեք տեսակետ ՌԴ արտգործնախարար Լավրովն է հայտնել: Նա, իհարկե, դիվանագիտական ձևակերպում է օգտագործել, որ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման ծրագիր այս փուլում չկա, բայց դա քիչ բան է փոխում:
Թուրքիայում անցյալ տարվա նախագահական ընտրապայքարի շրջանում թե Անկարայում, թե Մոսկվայում փորձագիտական տեսակետ էր շրջանառվել, որ ծագել է ռուս-թուրքական՝ աշխարհաքաղաքական նշանակության նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն: Էրդողանը շատ մեծ դժվարությամբ հաղթահարեց մրցապայքարը:
Ըստ երևույթին, մունիցիպալ ընտրություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հարցն ավելի է բարդացել:
Իսկ Կրեմլի արձագանքները մի բան են հուշում. Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող անդամակցել ԲՐԻԿՍ-ին եւ Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Արդյոք այս տարաձայնությունների պատճառո՞վ է, որ Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցն արդեն մեկ տարուց ավելի է՝ հետաձգվում: ՆԱՏՕ-ն իր հերթին գտնում է, որ Թուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալացումն Անկարայի կողմից միջազգային ինքնուրույն դերակատարության հա՞յտ է, թե առկա է կասկածամտություն, որ ապագայում այդ ենթաբեւեռը կծառայի Ռուսաստանի շահերի՞ն:
Ռուս քաղաքագետ, եվրասիական ընդհանուր տան եւ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ջատագով Ալեքսանդր Դուգինը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովին ընդառաջ արտառոց տեսակետ է հնչեցրել, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքից կհեռանա: Այս ֆոնին ուշագրավ են ընդդիմության հետ Էրդողանի հաշտության ձախողման մասին թուրքական մամուլի հրապարակումները: Քեմալական-Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Թուրքիայի արևմտյան ընտրության կողմնակից է:
Ընդհանուր պատկերին առանձնակի ինտրիգ է հաղորդում միջազգային հանրությանը Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանի ուղերձը, որտեղ միանշանակորեն ասվում է, որ Թեհրանը ռազմավարական գործընկեր է տեսնում Մոսկվային եւ Պեկինին: «Ես մտել եմ նախագահական հնգամյա լիազորությունների երկրորդ շրջան, եւ ընտրապայքարում Ձեզ հաջողություններ եմ մաղթում»,- ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ասել է Էրդողանը:
Նախագահ ընտրվելու Բայդենի շանսերը նվազ են: Էրդողանն ակնարկել է, որ սկզբունքային խնդիրները կկարգավորի Թրամփի՞ հետ: Իսկ Թրամփը Թուրքիային կազատի՞ ՆԱՏՕ-ի հարավային թեւի «բակապահ շան» պարտավորությունից: Մոսկվան, համենայն դեպս, Անկարային լրջագույն ընտրության առջեւ է դնում:
Բաց մի թողեք
Գլխավոր մտահոգությունը «Սիրիական խմորի» հնարավոր արձագանքներն են Հարավային Կովկասում
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …