Վաշինգտոնից «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 15-ի ճեպազրույցում պետքարտուղարության մամլո խոսնակ Միլերը խոսել է նաեւ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպմանը «ձեռք բերված առաջընթացի» մասին:
«Մենք հասել ենք առաջընթացի, ես մանրամասնություններ չեմ բացի: Մենք դեռեւս համաձայնություն չունենք, բայց չենք պատրաստվում դադար առնել, քանի դեռ դրան չենք հասել»,- ասել է Միլերը: Նա հիշեցրել է եռակողմ հանդիպման մեկնարկին պետքարտուղար Բլինքենի դիտարկումը, որ կողմերը երկար ճանապարհ են անցել եւ հասել առաջընթացի:
Միլերը բանակցային իրավիճակը գնահատել է այսպես. «Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց կողմերը պետք է բարդ ընտրություն կատարեն եւ գնան դժվար փոխզիջումների, եւ մենք նրանց մղելու ենք, որպեսզի լուծեն այդ վերջնական տարաձայնությունները եւ համաձայնության հասնեն»:
Ամեն դեպքում վերջնական համաձայնության հասնելու հավանականությունը, երեւի, պետք է ոչ այնքան առարկայական տեսնել, եթե դա կապված է «բարդ որոշումներ ընդունելու եւ դժվար փոխզիջումների գնալու» հետ: Մանավանդ հասկանալի չէ, թե, օրինակ, ի՞նչ դժվար փոխզիջման պետք է գնա Հայաստանը, եթե բանակցություններում Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի քննարկվում, իսկ մյուս հարցերը Երեւանի համար գրեթե կարմիր գիծ են թե սահմանազատման, թե կոմունիկացիաների գործարկման առումով:
Հայաստանի տարածքային ամբողջականության եւ նրա հետ 1991թ. դրությամբ միջպետական սահմանի ճանաչումը Բաքվի համար «դժվար որոշու՞մ» է, Ադրբեջանը դա գնահատում է սկզբունքային փոխզիջու՞մ, փոխարենը Հայաստանից ակնկալում է սահմանադրական փոփոխություն եւ Նախիջեւանի հետ էստերիտորիալ կամ «հատուկ ռեժիմով» հաղորդակցությու՞ն:
Վաշինգտոնում Միրզոյանը եւ Բայրամովը ի՞նչ առաջընթացի են հասել, եթե սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի համաձայնեցումը պայմանավորված ժամկետում տեղի չի ունեցել եւ քննարկումներ չեն ընթանում: Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն չկա, թեեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «նորություններ» էր անոնսավորել դեռեւս Վաշինգտոն մեկնելուց առաջ:
Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո անսպասելի հայտարարություն է արել Երեւանում Իրանի դեսպանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության իրավունքի մասին: Սա հստակ պաշտոնական դիքորոշու՞մ է, թե՞ բանակցություններին ներգրավվելու փորձ: Վաշինգտոնյան բանակցությունների մասին Մոսկվայի հրապարակային արձագանք չկա: Թուրքական պետություններ կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին Ղազախստանի նախագահը հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել:
Բայց այս համատեքստում, կարծես, ամենաէականը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն է, ըստ որի Անկարան ակնկալում է հայ-ադրբեջանական շուտափույթ կարգավորում, որի «վերջին ակորդ» նա տեսնում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Հայաստանի «դժվար որոշումը» դա՞ է: Ծանրագույն հարց է:
Բաց մի թողեք
Եվրամիության առաջատար երկրները նախընտրելու են Թուրքիայի հետ հարաբերությունների գործնական նշանակությունը
Հայաստանի կառավարության որոշումը Հնդկաստան – Պակիստան կոնֆլիկտի ֆոնին
Փարիզը և Անկարան կգործակցեն Սիրիայի հարցում, թե՞ …